Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն և ՔԴԿ-ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես կգան «Բալասանյան» դաշինքով


Գյումրիի քաղաքապետարանի շենքը
Գյումրիի քաղաքապետարանի շենքը

Այսօրվա դրությամբ, թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողով 8 քաղաքական ուժ է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել: Առաջադրումների վերջնաժամկետը լրանում է վաղը՝ ժամը 18-ին:

Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների գլխավոր ինտրիգներից մեկը, թերևս, Հանրապետական - «Քրիստոնեա-դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքի հնարավոր անվանն էր առնչվում: Այսօր այդ հարցը ստացավ իր պատասխանը՝ 99 մասնակից ընդգրկող նախընտրական ցուցակ ներկայացրած ՀՀԿ-ՔԴԿ դաշինքը հանդես կգա «Բալասանյան» անվամբ:

Քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ, անկուսակցական Սամվել Բալասանյանն է, իսկ ցուցակում ընդգրկված մյուս մասնակիցները կպայքարեն ավագանու 33 տեղերի համար:

Թիվ 34 ընտրատարածքային հանձանաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանն ասաց՝ օրենքը չի արգելում, որ դաշինքն ունենա նման անվանում, բացի այդ, ըստ նրա, դաշինքում ընգրկված քաղաքական 2 ուժերն իրենց կնիքներով վավերացրել են այդ անվանումը: Մինչ այս պահը ընտրատարածքային հանձանաժողով ներկայացված ամենամեծ ցուցակը հենց «Բալասանյան» դաշինքին է ներկայացրել:

«Գյումրիում համապետական նախորդ ընտրություններում պարտություն կրած իշխանական ուժը ՏԻՄ ընտրություններին գնում է շինծու դաշինքով»,- կարծում է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ շարունակելով՝ «Սա ուղղակի խոստովանություն է հանրապետական կուսակցության կողմից, որ Հանրապետական կուսակցության վարկն այնքան ցածր է, այնքան մերժելի է դարձել, որ նրանք փորձում են քողարկել ինչ-որ մի դաշինքի տակ էդ Հանրապետական անունը»:

Ընդդիմադիր դաշտում համախմբում այդպես էլ չեղավ: ԳԱԼԱ կուսակցությունը, որը ևս այսօր մասնակցության հայտ ներկայացրեց, քաղաքական դաշտ մտնելուց հետո հայտարարել էր ընդդիմադիր ուժերի համախմբմանը հետամուտ լինելու մասին: ՏԻՄ ընտրություններին, սակայն, ընդդիմադիր ուժերն այսօր միայնակ են մասնակցում: «Ինչու՞ համախմբումը չստացվեց»: Ի պատասխան այս հարցին, ԳԱԼԱ-ի մամուլի պատասխանատու Արմենուհի Վարդանյանն ասաց՝ «Մի շարք հանգամանքներ խանգարեցին, որոշ դեպքերում դա կարող էին լինել ամբիցիաները, իրականությունից կտրված լինելը, խանգարեցին նաև իշխանությունները, որովհետև մեզ հետ զուգահեռ նաև իշխանություններն էին աշխատում տարբեր կուսակցությունների հետ՝ փորձելով անել հնարավորը, որ այդ դաշինքը գլուխ չգա»:

ԳԱԼԱ-ն 24 հոգանոց ցուցակ ներկայացրեց: Այն գլխավորում է կուսակցության նախագահ՝ նույնանուն Հեռուստաընկերության տնօրեն Վահան Խաչատրյանը: Ավագանու 2-րդ ամենամեծ՝ 90 անուններից բաղկացած ցուցակ ներակայցրեց «Հայկական վերածնունդ»-ը: Ցուցակը գլխավորում է պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

3-րդ հորիզոնականը ԲՀԿ-ն է զբաղեցնում՝ 49 մասնակիցների ցուցակով, որը գլխավորում է նախկին ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը: Դաշնակցությունը ևս այսօր մասնակցության հայտ ներկայացրեց՝ ավագանու 33 հոգանոց ցուցակ ներկայացնելով: Այն գլխավորում է ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Այս պահին 34 ընտրատարածքային հանձնաժողով 8 քաղաքական ուժ է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել: Առաջադրումների վերջնաժամկետը լրանում է վաղը՝ ժամը 18-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG