Մատչելիության հղումներ

Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտեց՝ նրան մեղավոր ճանաչելով գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մեջ:

Դատավորը հրապարակված վճռում չնշեց, թե որտեղ է պատիժը կրելու 20-ամյա Պերմյակովը՝ անորոշության մեջ թողնելով նույնիսկ ռուս զինծառայողի պաշտպան Էդվարդ Աղաջանյանին:

«Ես սպասեցի, թե դատարանը ինչ կորոշի: Դատարանն էլ ձեռնպահ մնաց: Անորոշության մեջ թողեցին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աղաջանյանը:

Ե՛վ դատավորից, և՛ մեղադրողից փորձեցինք պարզել, թե ինչու դատարանը ոչինչ չասաց պատժի կրելու վայրի մասին: Երկուսն էլ արձագանքեցին, թե իրենք վճիռը հրապարակելիս և մեղադրանքը ներկայացնելիս առաջնորդվել են Քրեադատավարական օրենսգրքի 360-րդ հոդվածի պահանջներով:

Նշենք, սակայն, որ վերոնշյալ հոդվածի որևէ կետ չի անդրադառնում դատապարտյալի պատժի կրման վայրին:

Այսօր վճռի հրապարակմանը ներկա չէին ո՛չ Ավետիսյանների հարազատները և ո՛չ էլ նրանց ներկայացուցիչ փաստաբանները:

Սովորաբար դատավճիռներում նշվում է, թե ամբաստանյալը պատիժը ինչպիսի ռեժիմի քրեակատարողական հիմնարկում է կրելու: Պերմյակովի պարագայում այս հարցը ևս չհստակեցվեց:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատարանը գործող օրենսդրությամբ կարող է և չնշել պատժի կրման վայրը, սակայն, հաշվի առնելով գործի կարևորությունը, կարող էր դատական ակտում նշել երկիրը․ - «Եթե զուտ իրավական առումով խոսանք, նման պարտադիր պահանջն չկա, որ պետք է դատավճռում էդ մասին նշում լինի»:

Պաշտպանը մեջբերեց հայ-ռուսական միջպետական պայմանագիրը, որտեղից ակնհայտ է դառնում, որ պատժի կրման հարցի վերաբերյալ կարգավորման մեխանիզմը բացակայում է:

Երեմ Սարգսյանի կարծում է, որ Պերմյակովը պատիժը Ռուսաստանում կկրի․ - «Իրավական բոլոր հնարավորությունները կան, որ Պերմյակովին փոխանցեն ռուսական կողմին: Սա այն գործն ա, որտեղ պետք է վճռականություն ցուցաբերվի և պետք է Պերմյակովին չհանձնել»:

Նույն կարծիքին է նաև տուժողի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արթուր Սաքունցը: Նա հայտարարեց, որ այսօր հրապարակված վճիռը բողոքարկելու են․ - «Քանի որ գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, հանձինս իր քննչական մարմինների և առաջին ատյանի դատարանի, չպաշտպանեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների իրավունքները: Որովհետև հանցագործությունը բացահայտված չէ»:

Պերմյակովի փաստաբանն էլ հայտնեց, որ կխորհրդակցի իր վստահորդի հետ, որից հետո որոշում կկայացնեն՝ բողոքարկելո՞ւ են վճիռը, թե՞ ոչ:

Ավետիսյանների ավագ դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը դժգոհ է դատավարության ընթացքից: Շատ հարցեր դատարանում այդպես էլ պատասխան չստացան․ - «Խոստանում էին արդար դատավարություն, բայց սկզբից մինչև վերջ արդար դատավարություն չեղավ»:

Հարազատները, Լուսինեի փոխանցմամբ, պատրաստվում են սպառել հայաստանյան ներպետական դատական ատյանները և դիմել Եվրադատարան՝ գոնե այնտեղ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով:

Լուսինեն ապացուցված չի համարում, որ Պերմյակովը միայնակ է եղել: Վեց ռուսաստանցի զինծառայողների՝ որպես վկա դատարան չներկայանալու հանգամանքը է՛լ ավելի է խորացրել կասկածները․ - «Մինչև վերջ էլ մենք ուզում էինք, որ դրա պատասխանը ճիշտ ստանայինք, մինչև վերջ էլ մեզ հավաստի ասում էին, որ ինքը մենակ ա: Ինքը մենակ չի: Բայց վեց օր չի, յոթ օր չի, ո՞ւր էին․․․ պետությունը փող չունե՞ր, որ վճարեր իրանց փոխարեն, իրանք գային: Գործող վկաներ էին, իրան պիտի պարտադիր ներկայանային: Ու ոչ մեկ պատասխան չտվեց»:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) «Ազատության» հետ զրույցում արդարացի համարեց հրապարակված դատավճիռը: Իսկ պատիժը կրելու վայրի մասին մեկնաբանություններից ձեռնպահ մնաց․ - «Նմանատիպ դաժան հանցագործության համար անհասկանալի կլիներ, անընդունելի կլիներ, եթե լիներ այլ դատավճիռ: Իսկ մնացածը․․․ թե որտեղ կկրի, դա, կներեք, իմ լիազորությունների շրջանակում չի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG