«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, այսօր առավոտյան թուրքական Էլազըղ նահանգի անվտանգության վարչության շենքի դիմաց որոտացած ուժգին պայթյունի հետևանքով երեք ոստիկան է զոհվել, 170 հոգի վիրավորվել է, այդ թվում` քաղաքացիական անձինք: Պայթյունի պատճառով վնասվել է վարչության շենքը, մոտակայքում գտնվող այլ շինություններ, ծառերը արմատախիլ են եղել, իսկ պայթյունի տեղում հսկա փոս է գոյացել:
Հայտնի է, որ ավերիչ պայթյունը, որը զգացվել է ողջ քաղաքում, իրականացվել է պայթուցիկով լցված մեքենայի միջոցով:
Տեղի ունեցածի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ շրջանում լայնածավալ գործողություններ են սկսվել: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը փոխել է իր օրակարգը և Pաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հետ մեկնել Էլազըղ:
Անցած գիշեր էլ պայթեցվել է Վանի նահանգի Իփեքյոլու շրջանի ոստիկանական բաժանմունքը: Թուրքական «Հաբերլերի» փոխանցմամբ պայթյունի հետևանքով երկու քաղաքացի և մեկ ոստիկան է զոհվել, յոթ տասնյակից ավելի մարդ վիրավորվել է, տուժել են նաև շրջակա շենքերը:
Դեպքից հետո ոստիկանական բաժանմունքի տարածքում կրակոցներ են լսվել: Թուրքական իշխանությունները հայտնում են, որ ձերբակալել են պայթյունը իրականացրած անձին:
Թուրքական իրավապահ կառույցների դեմ իրականացված հարձակումների պատասխանատվությունը որևէ կազմակերպություն առայժմ չի ստանձնել:
Իշխանությունները, սակայն, շտապել են մեղադրել Քուրդիստանի բանվորական կուսակցությանը: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը այսօր դատապարտել է տեղի ունեցած հարձակումները` քուրդ զինյալներին կոչ անելով վախենալ սպասվող պատասխանից:
«Քուրդիստանի բանվորական կուսակցությանը պետք է լավ իմանա, որ այսօր Թուրքիան ավելի ուժեղ է, քանի մինչև հուլիսի 15-ի գիշերն էր: Նրանք այլևս ներքին աջակցություն չեն ստանալու: Թող վախենան և խուսափեն իրենց սպասվող ապագայից», - հայտարարել է թուրք նախարարը:
Անցած ամիս ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիաում ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակի պայմաններում կրկին օրակարգ են գալիս քրդերի հետ տասնամյակների պատմություն ունեցող հակասությունները: Վերջին շաբաթվա ընթացքում արդեն երրորդ նմանօրինակ հարձակումն է տեղի ունենում:
Անցած երկուշաբթի էլ պայթյուն էր որոտացել Դիարբեքիրից Բաթման տանող մայրուղու վրա գտնվող երթևեկության վերահսկողության վարչության շենքի դիմաց. 7 մարդ զոհվել էր, 45-ը` վիրավորվել:
Նախօրեին Ստամբուլի դատարանի որոշմամբ փակվել է 7500 տպաքանակ ունեցող “Özgür gündem” քրդամետ օրաթերթը, ձերբակալել են խմբագրության աշխատակիցները: Թերթի աշխատակազմը մեղադրվում է թուրքական իշխանությունների կողմից ահաբեկչական կառույց համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության քարոզչությունը տարածելու մեջ: