Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն կպաշտպանի գործող քաղաքապետի թեկնածությունը


Քաղաքապետարանի շենքը Գյումրիում, արխիվ
Քաղաքապետարանի շենքը Գյումրիում, արխիվ

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցում այսօր գումարված նիստում որոշում է ընդունվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցել Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության (ՀՔԴՄ) հետ դաշինքով, համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, անկուսակցական Սամվել Բալասանյանը:

ՀՔԴՄ կուսակցությունը ղեկավարում է նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը, ով այժմ Հանրապետականի համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր է:

«Հիմք ընդունելով Գյումրու զարգացման արդեն իսկ մեկնարկած և սպասվելիք ծրագրերի շարունակականության ապահովման կարևորությունը՝ որոշվել է հավանություն տալ Գյումրու քաղաքապետի ընտրություններին ՀՀԿ-ՀՔԴՄ դաշինքով մասնակցելու դեպքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից միասնական ցուցակ գլխավորելու՝ ՀՔԴՄ առաջարկությանը», - լրագրողների հետ զրույցում պարզաբանեց իշխող կուսակցության մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը:

Մարզային կառույցի որոշումը ներկայացվելու է Հանրապետականի գործադիր մարմնին, որն էլ իր վերջնական որոշումը կկայացնի և՛ դաշինքի, և՛ ցուցակի առաջին համարի վերաբերյալ:

Գյումրիում ՀՀԿ-ն պարտվել է համապետական վերջին երկու՝ խորհրդարանական և նախագահական ընտրություններում: Հարցին, թե դաշինք կազմելով ու նոր անունով հանդես գալով՝ արդյոք իշխող կուսակցությունը չի՞ փորձում ընտրողներին ապակողմնորոշել, Սահակ Մինասյանը արձագանքեց․ - «Ազգային ժողովում մենք մարզից ունեցել ենք երեք պատգամավոր՝ Հանրապետական կուսակցության անդամ, սա արդեն խոսուն ցուցանիշ է: Մենք միայն մասնակի ցածր քվեներ ունեցել ենք 2013 թվականին: Գիտեք ինչ, ամեն մի կուսակցություն իրավունք ունի և՛ առանձին հատվածներում պարտվելու, և՛ հաղթելու: Մենք չենք խոսում Կոմունիստական կուսակցության մասին, որ անընդհատ հաղթի: Սա նշանակում է, որ Գյումրի քաղաքում, ի պատիվ մեզ բոլորիս՝ կուսակցականներիս այդ թվում, ավելի շատ է քաղաքացիական հասարակությունը կայացած: Սրանով պիտի ուրախանանք»:

Հարցին, թե ինչո՞ւ Հանրապետականը իր սեփական կուսակցական թեկնածուով չի մասնակցում ընտրություններին, մի՞թե իշխող կուսակցությունը Գյումրիում կադրային խնդրի առաջ է կանգնած, Սահակ Մինասյանը պատասխանեց․ - «Մենք խնդրի հիմնավորումը ավելի քան հստակ ներկայացրեցինք: Սա բոլորովին չի նշանակում, որ չկան մեզ մոտ երևելի կադրեր և չեն կարող նույն խնդիրը պատվով շարունակել: Ուղղակի, ավելորդ ռիսկերից խուսափելու համար՝ որպեսզի ապահովենք քաղաքի շարունակական զարգացումը, որը արդեն իսկ կա»:

Ընդդիմադիր ուժերը ընդդիմադիր դաշտը միավորելու և Գյումրիում սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններին դաշինքով մասնակցելու համար բանակցություններ են վարում: Քաղաքական ուժերի մեծամասնությունը արդեն իսկ հայտարարել է, որ մտադիր է մասնակցել առաջին անգամ համամասնական ընտրակարգով անցկացվող Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի ընտրություններին:

Այս համայնքներում, ինչպես Երևանում, քաղաքապետին կնշանակի ընտրություններում հաղթած կուսակցությունից կամ դաշինքից կազմված ավագանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG