Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով փոխվել են Հայաստանի զինված ուժերի հինգ բանակային կորպուսներից երեքի հրամանատարները: Ընդ որում՝ երրորդ բանակային կորպուսի նոր հրամանատար է նշանակվել գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրերի համաձայն, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, ազատելով երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով, գնդապետներ Դավիթ Մանուկյանն ու Վալերիկ Քոչարյանը նշանակվել են, համապատասխանաբար, երկրորդ և չորրորդ բանակային կորպուսների հրամանատարներ: Չորրորդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար: Երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանն էլ նշանակել է Զինված ուժերի սպառազինության վարչության պետ։
Այսպիսով, կարելի է ասել,որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմում կադրային փոփոխությունները շարունակվում են: Ապրիլի վերջին պաշտոնանակ էին արվել պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը և Զինված ուժերի կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանը։ Մոտ մեկ ամիս անց պաշտոնանակ արվեց Զինված ուժերի սպառազինության վարչության պետ Մելսիկ Չիլինգարյանը, ով ավելի ուշ կալանավորվեց, սակայն, անազատության մեջ հաշվված օրեր միայն անցկացրեց:
Մայիսի վերջին Ալիկ Միրզաբեկյանի փոխարեն նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ նշանակվեց գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը: Հունիսի 17-ին Վաղինակ Սարգսյանը նշանակվեց գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ: