Մատչելիության հղումներ

Փոստանջյան. ՀՕՊ համաձայնագրով Հայաստանի սուվերեն իրավունքը փոխանցվում է Ռուսաստանին


Առաջադրանք տվողը, համակարգողը, ղեկավարողը Հայաստանը չի լինելու, պնդում է ընդդիմադիր պատգամավորը։

Խոսել, որ Հայաստանը կարող է օգուտներ ունենալ Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժեր ստեղծելու համաձայնագրից, ըստ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, «ոչ միայն միամտություն է, այլ պարզապես դավաճանություն և վնասարարություն»։

«Մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական նշանակության բազմաթիվ պայմանագրեր, և, եթե պետք է, ես կարող եմ թվարկել այդ բոլոր պայմանագրերը և դրանց հետևանքները։ Մենք հասկանում ենք, որ, ՀԱՊԿ-ի անդամ լինելով, մեր սահմանները ռմբակոծվում են՝ Տավուշի մարզ, և նաև այդ դրոնները գալիս են Հայաստանի տարածքով պտտվում են, դրանցից մեկը Վայոց Ձորում տեսաք, թե ինչպես էր կործանվել, և որևիցե արձագանք մենք չունեցանք։ Այսինքն՝ պաշտպանությունը միայն թղթի վրա է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. - «Պարզ է, թե թշնամին ով է՝ դա Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը և մեր դեմ օգտագործում է այնպիսի զենք և զինտեխնիկա, որը միայն արտադրում է Ռուսաստանը և միայն Ռուսաստանը կարող է նրան վաճառել։ Հետևաբար, խոսել, որ այս ամենից մենք կարող ենք օգուտներ ունենալ, դա ոչ միայն միամտություն է, այլ պարզապես դավաճանություն և վնասարարություն»։

Փոստանջյանը վստահեցնում է, որ այս համաձայնագրով Հայաստանի սուվերեն իրավունքը փոխանցվում է Ռուսաստանին, որպես ապացույց ընդգծում է համաձայնագրի կետերից մի քանիսը. - «6-րդ կետն է դա՝ «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի ուժերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի ուժերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը»։ Հաջորդը՝ «համակարգի զորքերի ուժերի համատեղ գործողությունների ընդհանուր ղեկավարումը, համակարգումը և ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը»։

Պատգամավորը պնդում է, որ միասնական համաձայնագրով, հարկ եղած դեպքում գործողությունները համակարգում և ղեկավարում է Ռուսաստանը։ «Հետո գրված է, որ գործողություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը՝ գործողությունները։ Այսինքն՝ առաջադրանք տվողը, համակարգողը, ղեկավարողը դու չես, այստեղ նշանակում է, որ մենք մեր սուվերեն իրավունքը զիջում ենք», - ընդգծեց Փոստանջյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG