Մատչելիության հղումներ

ԱՊՀ երկրների քրեակատարողականները «դրական փորձի փոխանակում» անելու համար խորհուրդ են ստեղծել


ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարները նոր միասնական խորհուրդ են ստեղծել։ Այս նոր կառույցի միջոցով ԱՊՀ երկրները նպատակ ունեն համագործակցել քրեակատարողական ծառայության ոլորտում և կատարել «դրական փորձի փոխանակում»: Նոր կառույցի մասին այսօր հայտարարություն է հրապարակել ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը։

ԱՊՀ քրեակատարողական ծառայության ղեկավարների միասնական խորհրդի անդրանիկ նիստը կայացել է Մոսկվայում՝ հունիսի 9-10-ին։ Դրան մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի, Ղրղըզստանի քրեակատարողական վարչությունների նախագահները։ Երեք տարի ժամկետով խորհրդի նախագահ է ընտրվել Ռուսաստանի ներկայացուցիչը՝ Գենադի Կորնիենկոն։ Նա նիստին հայտարարել է, որ հանցագործությունները՝ ահաբեկչությունների, թմրամիջոցների առևտրի միջոցով, միջազգային բնույթ են ստանում, ինչը ստիպում է նաև իրենց՝ քրեակատարողական հիմնարկներին միջազգային համագործակցություն սկսել։

Մոսկվայում Հայաստանը ներկայացրել է ՔՎ պետ Արթուր Օսիկյանը։ ՔՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ խորհուրդը նախատեսում է նաև ԱՊՀ երկրների իրավապահ մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցություն, թե ինչ ձևաչափով՝ առայժմ որոշված չէ։

«ԱՊՀ տարբեր երկրներ լավ ցուցանիշներ են ցույց տվել տարբեր ոլորտներում, մասնավորապես Բելառուսը հաջող փորձ ունի քրեակատարողական հիմնարկների զբաղվածության հարցում», - ասել է Ղլեչյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իր համար ուղղակի ծիծաղելի է, որ պատժի կիրառման ոլորտում Հայաստանը որոշել է համագործակցել Ռուսաստանի, Ղազախստանի և այլ ԱՊՀ երկրների հետ, որոնք աչքի չեն ընկնում ընդօրինակելի ՔԿՀ-ներով։

«Դատելով այդ երկրներում մարդու իրավունքների վիճակից, իսկ եթե մի երկրում մարդու իրավունքները հարգված չեն առհասարակ, չեն կարող լինել լավ ՔԿՀ-ներ, ապա ես ուղղակի չեմ պատկերացնում՝ ինչ փորձ կարելի է փոխանակել այդ երկրների հետ, այլ ոչ թե զարգացած երկրների», - ընդգծեց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանն ասաց, որ ինքն անձամբ աշխատել է Ղազախստանում և տեսել է, որ այնտեղի բանտերում էլ «անմարդկային պայմաններ» են տիրում։

Ալեքսանյանը, հղում անելով Եվրամիության Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցներին, նշում է, որ որ Հայաստանում ևս քրեակատարողականների վիճակը վատթարացել է, այնպես որ Հայաստանն էլ չունի կիսելու «դրական փորձ»։

«Համաձայնագրի մի մասն էլ նվիրված է ԱՊՀ երկրների իրավապահ մարմինների, ինչպես նաև ոչ պետական կառույցների և հասարակական միությունների միջև համագործակցությանը», - ասված է հայտարարությունում։

«Սա ակնհայտորեն քաղաքական որոշում է՝ պայմանավորված Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ», - կարծում է Ժաննա Ալեքսանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG