2013 թվականի հուլիսի 31-ին մահացած ծառայակցին՝ Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության դրդելու մեջ մեղադրվող կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը և սերժանտ Արման Ստեփանյանն այսօր դատարանում հայտարարեցին, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։
Բաբկեն Գաբոյանը նշեց, որ սուտ է, թե ինքը ստիպում էր Մանուչար Մանուչարյանին իր հագուստը լվանալ և այդ պահանջը չկատարելու համար պարբերաբար բռնության էր ենթարկում վերջինիս։
Արման Ստեփանյանը ընդգծեց, որ չի ընդունում, թե իր «անառարկելի հեղինակությունն ամրապնդելու անձնական շահագրգռվածությունից ելնելով» ծեծել է Մանուչարյանին։
Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանն «Ազատության» հետ զրույցում նիստից հետո փոխանցեց, որ բոլոր վկաները, ովքեր նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել իր պաշտպանյալի դեմ, դատարանում հերքել են այդ ցուցմունքները․ - «Նրանք հայտարարել են, որ իրենց նկատմամբ ճնշումներ են կիրառվել։ Մի վկա նույնիսկ հայտնել է, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել։ Մասնավորապես, մեղադրական եզրակացության մեջ կա մի դրվագ, որով իբր Ստեփանյանը 5 րոպե շարունակ բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել մահճակալին պառկած Մանուչարյանին։ Այդ սենյակում եղել են մոտ 20 հոգի, ոչ մեկը չի հաստատում, որ նման ծեծ եղել է։ Սա ծանր մեղադրանք է, որը դատապարտվում է նվազագույնը 7 տարի ազատազրկմամբ, ոչ մի իրական ապացույց չկա գործում»:
Մանուչար Մանուչարյանի իրավահաջորդի կողմը ևս համաձայն չէ դատախազի ներկայացրած մեղադրական եզրակացությանը։ Տուժող կողմը ներկայացնող իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի հավատում ինքնասպանության վարկածին․ - «Եթե քննությունը հաստատի, որ Մանուչարյանին սպանել են, շուրջ 30 բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Իսկ այն, որ Մանուչարյանն ինքնասպան չի եղել, ապացուցվում է բազմաթիվ փաստերով. ինքնաձիգի վրա չկան նրա մատնահետքերը, արյան կաթիլներ։ Բացի դա, դիակի դատաբժշկական փորձաքննությունը հայտնաբերել է, որ Մանուչարյանը ստացել է նաև հրազենային վնասվածք թիկունքից՝ աջ ոտքի ազդրի շրջանում, որն ինքն իրեն չէր կարող հասցնել»։
Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն առ այն, որ քննիչը չի գնահատել չորրորդ կրակոցը․ - «Գլխավոր դատախազությունն իմ հաղորդումն ուղարկել է դատարան՝ Մանուչարյանին ինքնասպանության դրդելու հոդվածով հարուցված գործի վարույթ։ Դա սխալ է, քանի որ դատարանը քրեական հետապնդում իրականացնող մարմին չէ»։
Մանուչարյանի մահվան գործով հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի13-ին: