Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը The Washington Post-ի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված փխրուն հրադադարը հաշված օրերի ընթացքում կարող է ի չիք դառնալ։
The Washington Post-ի հեղինակ Դեյվիդ Իգնատիուսը գրում է, որ հարցազրույցի օրը շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով երկու հայ զինծառայող էր զոհվել։ Հեղինակի խոսքով, կողմերը կրակի ձեռքբերման պայմանավորվածության խախտման մեջ շարունակում են փոխադարձաբար միմյանց մեղադրել։
Համառոտ տեղեկություններ ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության պատմության մասին, պարբերականը նշում է, որ առավելապես հայերով բնակեցված և Ադրբեջանից անջատված այդ տարածաշրջանն ապրում է ավելի քան քսանամյա պատերազմի պայմաններում:
Հեղինակը նշում է, որ հակամարտության ընթացքում Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը միջնորդական ջանքեր են գործադրել խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ, սակայն ցայժմ այդ ջանքերն արդյունք չեն տվել։
«Ադրբեջանը պահանջում է ամբողջությամբ իրեն վերադարձնել իր երբեմնի տարածքները, մինչդեռ հայերը չեն համաձայնվում, և հակամարտությունն աստիճանաբար էլ ավելի է թեժանում», - գրել է Դեյվիդ Իգնատիուսը։
Գեներալ Լևոն Մնացականյանը թերթի հետ զրույցում նշել է, որ իր ղեկավարած զինստորաբաժանումները չէին ակնկալում նման լայնածավալ հարձակում ապրիլի 2-ին՝ հավելելով՝ որոշ նախազգուշացնող նշաններ, այնուամենայնիվ, կային։
«Օգոստոսից սկսած, 21 հայ զինվոր է զոհվել, ավելի քան 113-ը վիրավորվել է շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցած բախումների ընթացքում։ Ադրբեջանն էլ վերջին շրջանում իր զինանոցը հագեցրել է ռուսական նորագույն տանկերով, իսրայելական անօդաչու թռչող սարքերով և թուրքական հրթիռներով։ Հայկական կողմն էլ, վստահ լինելով իր ենթադրյալ ռազմավարական գործընկերոջ աջակցությանը, չի ակնկալել նման լայնածավալ ադրբեջանական հարձակում»,- գրել է Washington Post-ի հեղինակը։
«Տակտիկական առումով նրանք [ադրբեջանցիները], գուցե որոշ հաջողություններ արձանագրեցին», - թերթի հետ զրույցում խոստովանել է Մնացականյանն ու հավելել. - «Բայց ես կասեի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն օգտագործել է իր զինանոցում եղած ողջ ուժերը, դա ավելի շուտ պարտություն էր»։ Մնացականյանը պնդել է, որ ադրբեջանական կողմը քառօրյա պատերազմի ընթացքում կորցրել է 24 տանկ։
Հակամարտող երկու կողմերը միմյանցից տարբերվող տվյալներ են ներկայացնում իրենց կորուստների մասին, և այժմ հնարավոր չէ անկախ աղբյուրների միջոցով ստուգել այդ տվյալների հավաստիությունը, սակայն, ադրբեջանական կողմի պնդմամբ, 1992-1994 թվականների պատերազմից հետո, սա իրենց տարած կարևոր հաղթանակն է, գրել է հեղինակը։
Վկայակոչելով գեներալ Մնացականյանին, թերթը շարունակում է՝ հայկական ուժերն ի վիճակի են պաշտպանել «անկլավը»՝ առանց Ռուսաստանի աջակցության։ «Քառօրյա պատերազմի արդյունքները ցույց են տալիս, որ այն սպառազինությունը, որ մենք ունենք և այն մարտական պատրաստականությունը, որ կա մեր շարքերում, միանգամայն բավարար է ցանկացած արկածախնդրություն կասեցնելու համար։ Եթե պատերազմը շարունակվի, մենք ոչ միայն կպատասխանենք նրանց, այլև կդիմենք հակահարձակման», - ասել է Մնացականյանը։
Հեղինակը զրուցել է նաև Ղարաբաղի բնակիչ, նախկին իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի հետ։ Օհանջանյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ապրիլյան պատերազմն ամբողջությամբ փոխել է իր հայացքները՝ կապված հնարավոր հաշտեցման հետ՝ նշելով, որ մինչ այդ իր գործունեությամբ նպաստում էր այդ հաշտեցման գործընթացին: Մինչդեռ հիմա դադարեցրել է այդ գործունեությունը և ցանկանում է, որ հայկական ուժերը ոչնչացնեն ադրբեջանի տնտեսական թիրախները։ «Վերջին ամսվա ընթացքում մեր ժողովուրդը ձերբազատվեց պատրանքներից», - ասել է Օհանջանյանը։
The Washington Post-ը զրուցել է նաև Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Անահիտ Դանիելյանի հետ։ Վերջինս պատմել է, որ, նախկինում փորձել է շփումներ պահպանել ադրբեջանցի լրագրողների հետ։ «Մինչդեռ հիմա ես սկսել եմ ադրբեջանցի իմ գործընկերների կողմից ատելություն զգալ։ Այս նոր պատերազմը փոխեց մեր պատկերացումները միմյանց նկատմամբ», - ասել է Դանիելյանը։