Կրակի դադարեցման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հայտարարությունից մոտ երկու ժամ անց ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակվեց Մինսկի խմբի հայտարարությունը:
«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչներս (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաև Ավստրիան, որը 2017-ին նախագահելու է ԵԱՀԿ-ն, և Սերբիան, որը նախագահել է կառույցը 2015-ին, խստորեն դատապարտում ենք շփման գծում լարվածության աննախադեպ աճը: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում տուժած ընտանիքներին: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը»,- ասված է հայտարարությունում:
«Իրավիճակի վատթարացումը անհապաղ բանակցությունների անհրաժեշտություն է ստեղծել համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերին և ողջունում են նրանց մտադրությունը հնարավորինս շուտ անմիջական խորհրդատվություններ սկսել կողմերի հետ»,- նաև նշված է Մինսկի խմբի հայտարարությունում:
Նախքան Մինսկի խմբի համատեղ հայտարարության հրապարակումը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էրոն ասել է, որ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները կայցելեն Բաքու, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ:
«Մենք ուզում ենք տեսնել, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ոչ էլ ստատուս քվո, - Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Երևան կգան ապրիլի 9-ին։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել իր կապերը Ադրբեջանի հետ՝ իրավիճակը հանդարտեցնելու նպատակով:
Մինչ այդ՝ երեկ, Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի սահմանին բռնություններին վերջ դնելու ջանքերը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսման հարցը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մարկ Թոները վերահաստատել է Մինսկի խմբի գործընթացին աջակցելու պատրաստակամությունը․ - «Մենք աջակցում ենք համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով արդար և անկողմնակալ լուծում գտնելու ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա»:
Մարկ Թոները, նաև ավելացրել է, որ, ի վերջո, խաղաղության հաստատման ճանապարհը պետք է գտնեն երկու երկրների առաջնորդները, կառավարությունների ղեկավարները: