Մատչելիության հղումներ

Միջազգային լրատվամիջոցները՝ ղարաբաղյան բախումների մասին


The Washington Times պարբերականը գրում է. - «Բռնության ամենավատ պոռթկումն ավելի քան 20 տարի վիճարկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում, որը նախկին խորհրդային երկու հանրապետությունների միջև է գտնվում, ծայրահեղ լարում է առաջացրել Եվրոպայից մինչև Վաշինգտոն, քանի որ մտահոգություններ կան, թե բախումների նոր ալիքը կարող են հրահրած լինել Ռուսաստանը կամ Թուրքիան»:

Բրիտանական Guardian-ը ուշադրություն է հրավիրում 1994 թվականի հրադադարը հարգելու՝ միջազգային հանրության կոչերին, վկայաբերում է Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունի, Միացյալ նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի կոչերը: «Երեքն էլ Հայաստանին և Ադրբեջանին հորդորում են ցուցաբերել հավատարմություն Մինսկի խմբի գործընթացին, որը վերահսկում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը», - նկատում է պարբերականը և արձանագրում, որ այդ կոչերն արդյունք չեն տվել:

Ըստ Guardian-ի՝ Լեռնային Ղարաբաղը այն սառը հակամարտություններից է, որն ունի ամեն պահի պոռթկալու ներուժ:

Reuters գործակալությունը հրապարակել է կադրեր մարտադաշտից՝ հաղորդելով. - «Այս կադրերում վերջին երկու տասնամյակների ամենակատաղի մարտերն են Լեռնային Ղարաբաղում»: Reuters-ը հաղորդում է, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ անցած օրերին Լեռնային Ղարաբաղում զոհվել է առնվազն 30 զինծառայող երկու կողմից, երեք քաղաքացիական անձ, իսկ տուժածների ընդհանուր թիվը հասնում է 200-ի:

Ռուսաստանյան Vesti-ին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին, հաղորդել է Հայաստանից և Ադրբեջանից ստացվող իրարամերժ տեղեկությունների մասին․ - «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, մինչդեռ հայկական պաշտպանական գերատեսչությունը հաստատել է, որ մարտերը շարունակվում են»:

BBC-ն հրապարակել է ֆոտոռեպորտաժ, որտեղ պատկերված լուսանկարին կից մեկնաբանության տեքստում նշված է. - «Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրումը վերջին օրերին շատերին է ստիպել խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմի մասին»: Ֆոտոռեպորտաժը ներառում է նաև ադրբեջանական դրոշով ծածկված մարմին՝ մեկնաբանությամբ․ - «Բաքվից և Երևանից հաղորդագրություններ են տարածվում տասնյակ զոհերի մասին: Հիմնականում զոհվում են զինծառայողներ, բայց կան զոհեր նաև խաղաղ բնակչության շրջանում»: Երիտասարդ տղաների պատկերող մեկ այլ լուսանկարի մակագրությունն է․ - «Ղարաբաղում մարտերը հայրենասիրական ալիքի են մղել երկու կողմերին: Կամավորականները պատրաստ են մեկնել՝ կռվելու, ինչպես այս երիտասարդ մարդիկ՝ Երևանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG