Մատչելիության հղումներ

Նախագահ․ «Անհրաժեշտ է Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել»


Ազգային անվտանգության խորհրդի նիստում, 2-ը ապրիլի, 2016թ․
Ազգային անվտանգության խորհրդի նիստում, 2-ը ապրիլի, 2016թ․

«ՀՀ-ն լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, որպես 1994 թ․ հրադադարի համաձայնագրի կողմ»:

Նախագահի մոտ քիչ առաջ անցկացված Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունների» հետևանքով, հայկական կողմն այս պահին ունի 18 զոհ և 35 վիրավոր:

ԱԽ օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի «կոպիտ խախտման» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը»:

Նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ԱԽ նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը «հակառակորդի սադրիչ գործողություններին ի պատասխան ձեռնարկված գործուն քայլերը` կանխելու սանձազերծված ագրեսիան»: Զեկույցներով հանդես են եկել նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է՝ «Ինչպես ձեզ հայտնի է, այս գիշեր՝ ժամը երեքի կողմերը, Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Սրանք 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին և հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի Զինված ուժերը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Ընդ որում, հակառակորդն այդ ընթացքում օգտագործում էր ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները և բոլոր տիպի զրահամեքենաները: Հակառակորդի կորուստները, ինչպես օդուժի, այնպես էլ հետևակի ու զրահատեխնիկայի, զգալի են: Մենք էլ ունենք կորուստներ. այս պահի դրությամբ 18 զոհ ունենք և 35-ին մոտ վիրավոր:

Միացյալ Նահանգներից վերադարձիս ճանապարհին պարբերաբար իրավիճակը ինձ զեկուցվել է, և համարում եմ, որ ընդունված որոշումները տեղին են, անհրաժեշտ և ճիշտ: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներ էի այցելել՝ մասնակցելու Միջուկային անվտանգության գագաթնաժողովին և այդ Գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել փոխնախագահ Բայդենի և պետքարտուղար Քերրիի հետ: Նրանց կոչ եմ արել, որպեսզի սաստեն Ադրբեջանին՝ չխախտել հրադադարի կանոնները, բայց, ինչպես տեսաք, այդ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ հետո տեղի ունեցան իրադարձություններ, որ դեռևս հայտնի չի, թե ինչի կվերաճեն: Այս պահին սադրանքները շարունակվում են. հյուսիսում և հարավում կա որոշակի լարվածություն, բայց, ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը գործում են ըստ նախապես մշակված պլանի, և որոշակի նախարարություններ, կարծում եմ, առանց աժիոտաժի, առանց որևէ լարվածության պետք է անցնեն ուժեղացված աշխատանքի, ուժեղացված ծառայության, ինչպես նախատեսված է մեր ծրագրերով: Միջոցներ են ձեռնարկվել սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգության ապահովման համար: Կարծում եմ՝ այդ միջոցները բավարար են, բայց ես համոզված եմ և առաջարկում եմ քննարկենք, որ մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք:

Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG