Ժիրայր Սեֆիլյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժումն այսօր հրապարակել է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզը:
3 կետից բաղկացած իշխանափոխության ծրագրում «Նոր Հայաստան»-ը առաջարկում է նախ՝ հեռացնել վարչախմբին, անցումային կառավարում իրականացնել, ապա՝ արտահերթ ընտրություններ անցկացնել: Ընդդիմադիր շարժումը նաև մանրամասնում է, թե ինչպես է ծրագրում հեռացնել վարչախմբին, նախ՝ քաղաքական և հասարակական ուժերը միավորվում են, ապա՝ ներգրավում ժողովրդական լայն զանգվածներին, որից հետո, արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով, ժողովուրդը վերջնագիր է ներկայացնում ռեժիմի պարագլուխներին:
«Նոր Հայաստան»-ը հրապարակած փաստաթղթում նաև նշում է, թե ժողովուրդն իր պահանջի կատարմանը հասնելու համար պետք է դիմի քաղաքացիական անհնազանդության միջոցների՝ վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում, «կաթավածահար անելով քրեական ռեժիմի կառավարման համակարգը»:
Ի դեպ, վարչախմբին հեռացնելուց հետո հաջորդ քայլով «Նոր Հայաստան»-ը ծրագրում է Սահամանդրական դատարանի միջոցով արգելել իշխող Հանրապետականի գործունեությունը: Հիշեցնենք՝ անցած շաբաթ «Նոր Հայաստան»-ի ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանն ասել էր, թե արդեն սկսել են բանակցություններ մի շարք ուժերի հետ:
«Դա Ստեփան Դեմիրճյանն է, դա ՀԱԿ-ն է, Նիկոլ Փաշինյանն է՝ «Քաղաքացիական պայմանագրով», Աշոտ Մանուչարյանն է իր նախաձեռնությամբ, Պարույր Հայրիկյանն է և հավանաբար Արամ Կարապետյանը և մի քանի այլ գործիչներ, ինչու չէ՝ նաև քաղաքացիական սեկտորը, հայտնի և ոչ հայտնի անձնավորություններով: Հիմնականում երիտասարդներ։ Այս ամբողջի միավորումը մենք առաջիկա օրերին նորից փորձելու ենք իրականացնել»,- ասել էր Սեֆիլյանը:
Մինչդեռ, Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր «Ազատության»-ը փոխանցեց, որ ՀԱԿ-ում տեղյակ չեն «Նոր Հայաստան»-ի նախաձեռնության մասին, և այդ հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ «Ազատությանն» ասաց, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը կքննարկի ներկայացված ճանապարհային քարտեզը և համապատասխան արձագանք կտա, բայց ինքը, անձամբ ծանոթանալով փաստաթղթին, «նոր բաղադրիչ» այնտեղ չի գտել: Ըստ Փաշինյանի, ճանապարհային քարտեզում նկարագրված է այն, ինչի մասին Հայաստանի ընդդիմությունը հայտարարում է 20 տարի շարունակ:
2008 թվականի նախագահական ընտրություններից հետո էլ ընդդիմությունը պահանջում էր օր առաջ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բայց արդյունքում, անպատրաստ ձևով մասնակցեց հերթական խորհրդարանական ընտրություններին, իսկ նախագահական ընտրություններին ընդհանրապես չմասնակցեց: «Ես ուղղակի այստեղ ճանաապարհային քարտեզ չեմ տեսնում»,- ասում է Փաշինյանն ու շարունակում՝ «Ինչ որ գրված է այստեղ, դրա փորձերն այս տարի առնվազն երեք անգամ արվել են: Ի՞նչն է փոխվել, որ էս անգամ մեզ թվում է, որ այդ նույն քայլերով կհասնենք ուրիշ արդյունքի: Ու՞մ անունից ենք մենք գործելու, որտեղի՞ց է ստուգվելու մեր գործողությունների լեգիտիմության աղբյուրը:
Ինչի՞ց ենք ենթադրում, որ հանրությունը էդ ամեն ինչի հետ համաձայն է: Այո, եթե մենք կարողանանք հանրության ներկայությունն ապահովել հրապարակում․․․բայց էս ճանապարհով ես խիստ կասկածում եմ, որ մենք կկարողանանք նրա ներկայությունն ապահովել հրապարակում: Ինչու՞ եմ խիստ կասկածում, որովհետև էդ նույն կերպ արդեն էս տարի ընդդիմությունը 3 անգամ փորձել է նրա [հանրության] ներկայությունը ապահովել հրապարակում: Էս անգամ ի՞նչն ա փոխվում»:
Ժիրայր Սեֆիլյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի այս նախաձեռնությանը լուրջ չի վերաբերվում նաև իշխող Հանրապետականը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կարծում է, որ իշխանափոխության այդ քարտեզը երգիծական հաղորդման համար կարող է լավ նյութ ծառայել: «Դրանք են ուզում մեզ հեռացնե՞ն իշխանությունից»,- հարց է հնչեցնում Մելիքյանն ու շարունակում՝ «Այսինքն՝ ամեն 10 հոգի կարող են մի անվան տակ հանդես գալ ու իշխանություն հեռացնե՞լ, ես կարծում եմ որ ցանկացած պահանջ ներկայացնելուց առաջ նախ իրենք իրենց պետք է նայեն ու հասկանան՝ իրենք ո՞վ են ընդհանրապես և ումից ինչ են պահանջում: Ես կարծում եմ, որ էդ փաստաթուղթն ավելի շատ «Արմքոմեդի»-ի տղաների համար լավ երգիծական սցենար կարող է լինել՝ «Սլոն ի Մոսկա» վերնագրով»:
ՀՀԿ խմբակցության քարտուղարը հումորով է վերաբերվում նաև «Նոր Հայաստան»-ի մյուս ծրագրային դրույթին՝ կապված իշխող ռեժիմին հեռացնելուց հետո Հանրապետականի գործունեությունն արգելելու հետ: «Չեմ կարծում, որ մարդկանց ցանկացած խումբ, 5 - 10 հոգի, կարող են նման պահանջներ ներկայացնել, եթե բժշկական լուրջ խնդիրներ չունեն»,- ասաց Մելիքյանը: