Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) առաջիկայում հայկական կողմին կուղարկի ադրբեջանական գերության մեջ երկու տարի անցկացրած Արթուր Բադալյանի գործով Ադրբեջանի կառավարության պատասխանները։
Բադալյանի բողոքը հինգ տարի առաջ էր ուղարկվել Ստրասբուրգ: Ադրբեջանի իշխանություններին գործի վերաբերյալ հարցերը վերջերս են ուղարկվել, պատասխանի վերջնաժամկետը մարտի 8-ն էր:
Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 37-ամյա բնակիչ Արթուր Բադալյանը 2009 թվականին անտառում սունկ հավաքելիս մոլորվել էր, այնուհետև, ըստ հայկական կողմի, առևանգվել ադրբեջանցիների կողմից։
2011-ին գերությունից վերադարձած Արթուրը երկու անչափահաս երեխա ունի, ընտանիքն ապրում է գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ։ Նախկին գերին հույս ունի, որ Եվրոպական դատարանը կհաստատի, որ Ադրբեջանում իրեն խոշտանգել են՝ խտրական վերաբերմունք դրսևորելով նաև Հայաստանի քաղաքացի լինելու համար։
«Պատասխան տվել են, որ Եվրադատարանը ընդունել է, բայց թե երբ կլինի պատասխանը՝ դա չի եկել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։ Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ նա ասաց, որ իրեն թույլ է զգում։
Ադրբեջանի իշխանությունները Արթուրին փոխանակել էին այդ ժամանակ Հայաստանում պահվող ադրբեջանցի մի գերու հետ։
Նախկին գերու բողոքը Եվրոպական դատարան ներակայացրած իրավաբան, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դատարանի հարցերին ծանոթանալուց հետո տպավորություն ունի, որ վճիռը Բադալյանի օգտին կկայացվի։
«Քաղաքացիական անձինք գողացվում են Հայաստանի անտառների տարածքներից, կամ, շփոթվելով ու մոլորվելով, հայտնվում են ադրբեջանական գյուղերի սահմաններում, և այդ տարածքներից նրանք ուղղակի մարդուն առևանգում են, տանում են իրենց երկիր, տանում են իրենց զինվորական մասեր և այնտեղ, առանց քննության, առանց դատարանի առջև մարդուն կանգնեցնելու, առանց որևէ իրավական ընթացակարգերի՝ ազատազրկում են, ենթարկում խոշտանգումների», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարուքյանը։
Ընտանիք վերադառնալուց հետո Արթուրի մոտ ի հայտ էին եկել հոգեկան խնդիրներ, նրան բժշկական օգնություն էր ցուցաբերվել, բայց, ինչպես պնդում է Մարուքյանը, նա երկարատև բուժման կարիք ունի։
«Որևէ կերպ չի կարողանում աշխատել, որևէ կերպ նա չի կարողանում վերադառնալ հասարակություն, այդ բոլորն իր առողջական խնդիրների պատճառով են, այդ բոլորն իր կրած տառապանքների, խոշտանգումների պատճառով են։ Այսինքն՝ մարդուն ուղղակի շարքից հանել են», - շեշտեց Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանն ասում է, որ Ստրասբուրգ ուղարկած բողոքի մեջ մանրամասն նկարագրել են այն խախտումները, որոնք թույլ է տվել Եվրոպական կոնվենցիան վավերացրած Ադրբեջանը։ Հատուկ շեշտվել է, որ Արթուր Բադալյանը որևէ առնչություն չի ունեցել զինվորականության հետ, մինչդեռ հակառակորդը նրան տևական ժամանակ ստիպել է խոստովանել զինվորական լինելու մասին։
«Եթե այս բոլոր կետերով ճանաչվի Ադրբեջանի կողմից թույլ տրված խախտումները, նախ սա լուրջ նախադեպային նշանակություն կունենա և կանխարգելիչ դեր կարող է ունենալ՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար, որ չի կարելի մարդուն առևանգել և նման վիճակի հասցնել։ Մյուսը՝ որ Ադրբեջանի պահվածքը Եվրոպական դատարանում քննարկման առարկա կդառնա», - ասաց Մարուքյանը։
Ադրբեջանին ուղարկված հարցերի միջոցով Եվրոպական դատարանը փորձում է պարզել, թե արդյո՞ք Բադալյանին ազատությունից զրկել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխան, մասնավորապես՝ այդ երկիրը պարտավոր էր Հայաստանի քաղաքացուն ազատազրկել դատարանով ապացուցված հանցանքի հիման վրա, ընդ որում՝ արդար դատաքննության արդյունքում։ Արդյո՞ք Բադալյանը կանգնել է դատարանի առաջ, Ադրբեջանին հարցնում է Եվրոպական դատարանը։
Էդմոն Մարուքյանը պնդում է, որ թե՛ Արթուր Բադալյանի և թե՛ մյուս քաղաքացիական անձանց, մասնավորապես՝ հովիվ Մանվել Սարիբեկյանի և 80-անց Մամիկոն Խոջոյանի դեպքերում Ադրբեջանը չի պահպանել Եվրոպական կոնվենցիայի դրույթներն ու առևանգելով նրանց՝ անօրինական, առանց դատարանի որոշման պահել է անազատության մեջ՝ պարբերաբար ենթարկելով խոշտանգումների։
Տավուշի մարզի բնակիչ Մանվել Սարիբեկյանը, ըստ Ադրբեջանի, ինքնասպանություն էր գործել, իսկ Մամիկոն Խոջոյանը մահացավ հայրենիքում՝ հայրենադարձվելուց ամիսներ անց։ Նրանց գործերը ևս ուղարկվել են Եվրոպական դատարան։