Միացյալ ազգերի կազմակերպությունը մտավախություն և քննադատական գնահատականներ է հնչեցրել Եվրամիության և Թուրքիայի ղեկավարների միջև փախստականների հարցով ձեռք բերված նախնական համաձայնության վերաբերյալ:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով կառույցը ընդգծում է, որ արտասահմանցիների կոլեկտիվ արտաքսումը արգելված է միջազգային օրենքով:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի եվրոպական դեպարտամենտի տնօրեն Վենսան Կոշետելը հայտարարել է, թե «հոգնել է ապօրինի միգրանտների մասին խոսակցություններից»: ՄԱԿ-ի պաշտոնյան ընդգծել է, որ Հունաստան հասնողների 91 տոկոսը պատերազմի ճիրաններում հայտնված երկրներից են՝ Իրաք, Սիրիա, Աֆղանստան:
Բրյուսելի և Անկարայի միջև պատրաստվող համաձայնագիրը կոշտ քննադատության է արժանացել նաև Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կողմից: Կազմակերպության կարծիքով, կողմերը իջել են անազնվության, մանր առևտրի ամենացածր մակարդակի, որը որևէ ընդհանրություն չունի մարդու իրավունքների և արժանապատվության հետ:
Նախնական պայմանավորվածությունը, որն ուղղված է Եվրոպայում միգրանտների ռեկորդային թվաքանակի նվազեցմանը, ձեռք է բերվել մարտի 7-ին՝ Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ: