Մատչելիության հղումներ

«Հայաստանին անհրաժեշտ է մեծացնել սեփական դերը տարածաշրջանում»


Վերլուծաբան Մայքլ Ռուբին, արխիվ
Վերլուծաբան Մայքլ Ռուբին, արխիվ

Ամերիկացի վերլուծաբաններն ընդգծում են՝ Հայաստանը պետք է բարելավի կառավարումը և արդյունավետ պայքարի կոռուպցիայի դեմ:

Ստեղծվող նոր իրավիճակում զարգացման և անվտանգության ապահովման համար Հայաստանին անհրաժեշտ է գրավել Արևմուտքի ուշադրությունը՝ նորամուծություններ ու նոր լուծումներ առաջարկել, համոզված են ամերիկացի վերլուծաբանները:

«Միացյալ Նահանգներում և ընդհանրապես Արևմուտքում մարդկանց մեծամասնությունը ցանկանում է Հայաստանը բարգավաճող տեսնել, քանի որ Հայաստանին դրական են վերաբերվում»:

Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսի խոսքով, երկրին անհրաժեշտ է առաջին հերթին բարելավել կառավարման ոլորտն ու բարեփոխումներ իրականացնել, որոնց թվում դեսպանը նշում է սահմանադրական բարեփոխումների ընդունումը. - «Միգուցե դա կամրապնդի քաղաքական կուսակցությունների համակարգը, և կառավարության վարկանիշը կբարձրանա քաղաքացիների աչքերում»:

Կառավարման բարելավումն ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը Հայաստանի առաջնահերթ նպատակներն են՝ հաջողության հասնելու համար, համոզված է Գերմանական Մարշալի հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերը: «Հայաստանը պետք է իրական առաջարկներ դնի սեղանին, նո՛ր գաղափարներ առաջարկի, առաջ բերի նո՛ր սերնդի առաջնորդներ», - ասում է նա:

Վերլուծաբանի խոսքով, Հայաստանին անհրաժեշտ է նաև մեծացնել սեփական դերը տարածաշրջանում՝ մեծ դերակատարների համար հետաքրքիր դառնալու նպատակով. - «Դա ներառում է Ռուսաստանի և այլ գործընկերների հետ աշխատանքը՝ Իրանի նոր դերից շահեր քաղելու միջոցներ հայթայթելու նպատակով»:

Տնտեսական խնդիրներից և արտագաղթը կանխելուց բացի, Հայաստանը որոշ անելիքներ ունի նաև արտաքին ասպարեզում, համոզված է «Ամերիկյան ձեռնարկատիրություն» հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը:

«Այսպիսով, Արևմուտքի ուղղությամբ, հիմնական նպատակների հետ միասին, Հայաստանն ունի դիվանագիտական ևս մեկ նպատակ, այն է՝ ներկայանալ որպես ինքնուրույն ուժ, որը Մոսկվայից կախվածության մեջ չէ», - ընդգծում է Ռուբինը:

Ջոն Էվանսն այս խնդրին այլ կերպ է նայում. - «Հայաստանը իր անվտանգությունն ապահովելու հարցերում ստեղծված իրավիճակում ստիպված է հենվել Ռուսաստանի վրա, այնպես որ, տարածաշրջանին ծանոթ մարդիկ նման սերտ համագործակցությանն ըմբռնումով են մոտենում»:

Կարևորն այն է, ընդգծում է դեսպանը, որ Հայաստանը եղել և մնում է ԱՄՆ-ի սերտ դաշնակիցը և չի փոխել ժողովրդավարության զարգացման ուղղվածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG