Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները ձվեր են նետել Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ


Ուկրաինա - Ցուցարարները ձվեր են նետում Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ, Կիև, 6-ը մարտի, 2016թ․
Ուկրաինա - Ցուցարարները ձվեր են նետում Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ, Կիև, 6-ը մարտի, 2016թ․

Մարտի 3-ին հայտարարած չոր հացադուլը շարունակող ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին Ռուսաստանից անհապաղ Ուկրաինա տեղափոխելու պահանջներով կիրակի օրը Կիևում տեղի է ունեցել բողոքի ակցիա: «Ազատությո՛ւն Սավչենկոյին» գրությամբ պաստառներ պարզած ուկարինացիները Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ նետել են ձվեր՝ դժգոհելով դատավարությունից:

Հարյուրավոր ցուցարարների գործողություններին հետևող ոստիկանությունը չի փորձել կանխել ձվեր նետելու ակցիան:

Դեսպանատան ներկայացուցիչ Օլեգ Գրիշինը լրատվամիջոցներին հայտնել է, որ ցուցարարները բացի ձվերից նետել են նաև քարեր, սակայն այդ պնդման ապացույցներ չեն հրապարակվել: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դեսպանատունը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն է ուղարկել գրություն՝ տեղի ունեցածի կապակցությամբ, և նշել էր, որ դեսպանատան հետնամուտքի ուղղությամբ նետել են ծուխ և կայծ առաջացնող պայթուցիկներ: Ըստ Կիևի ոստիկանության, նաև կոտրվել են դեսպանատան երեք մեքենաների ապակիները:

Կիևի ոստիկանությունը հաղորդել է, որ քննություն է կատարել խուլիգանության հոդվածով հարուցված գործի շրջանակում:

«Աստված տա, որ մեր երեխաներին ազատ արձակեն», - հայտարարել է Նադեժդա Սավչենկոյի մայրը՝ Մարիա Սավչենկոն: Նադեժդա Սավչենկոյի քույրը իր ելույթում խոսել է Կրեմլի թելադրանքի մասին՝ քրոջ նկատմամբ հետապնդումները շարունակելու կապակցությամբ:

Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև Ուկրաինայի այլ քաղաքներում: Նախատեսվում է բողոքի հաջորդ ակցիան անցկացնել մարտի 9-ին:

Նադեժդա Սավչենկոն անցյալ հինգշաբթի օրը չոր հացադուլ հայտարարեց, քանի որ դատարանն իրեն զրկեց վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից : Դատավորը, անսպասելիորեն ընդմիջելով դատական նիստը, հետաձգեց այն մինչև մարտի 9-ը:

Իրավապաշտպանները վտանգավոր են համարում հացադուլի շարունակությունը:

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Էլլա Պամֆիլովան Նադեժդա Սավչենկոյի քրոջը՝ Վերա Սավչենկոյին հեռախոսով փոխանցել է, որ նրա վիճակը բավարար է, նրան սնունդ և ջուր ընդունել պարտադրելու կարիք առայժմ չկա, արյան ճնշումը բավարար է:

Պաշտոնական Կիևը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը նոտա է հղել՝ պահանջելով բժիշկների խումբ ուղարկել Սավչենկոյի առողջական վիճակը ստուգելու նպատակով:

Այսօր Ուկրաինայի հյուպատոսարանի ներկայացուցիչներն այցելել են Նովոչերկասկի մեկուսարան: Գլխավոր հյուպատոս Վիտալի Մոսկալենկոն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Սավչենկոյի ինքնազգացողությունը բավարար է, սակայն հացադուլի հետևանքներն ակնհայտ են:

«Բնականաբար, դա տախիկարդիան է, չոր մաշկը, աչքերը փայլում են, ոտքերն ուռչում են, ցածր ճնշում ունի՝ 100-60, այս վիճակը խորանում է», - ասել է գլխավոր հյուպատոսը և ավելացրել, որ Սավչենկոն կտրականապես մերժել է գոնե ջուր խմելու բոլոր խնդրանքները:

Ըստ դիվանագետի, չնայած այս ամենին՝ Սավչենկոն «կառավարում է իր մտքերը և արարքները»: Օդաչուն ռուս բժիշկներին թույլ չի տվել զննել իրեն:

Աշխարհի 20 երկրներից ավելի քան 270 հայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ միացել են Սավչենկոյին ազատելու պահանջով ուղերձին: «Դիմում ենք Ձեզ, որպեսզի ձեռնարկվեն արտակարգ միջոցներ անհապաղ և առանց պայմանների 34-ամյա Ուկրաինայի քաղաքացի Նադեժդա Սավչենկոյին ազատելու համար, որն ավելի քան 20 ամիս է՝ ձերբակալված է Ռուսաստանի Դաշնությունում: Ռուսաստանի իշխանությունները ծաղրուծանակի են ենթարկում քաղաքացիական իրավունքը, միջազգային իրավունքը և սեփական Սահմանադրությունը», - ասված է ուղերձում, որը ստորագրել են, մասնավորապես, Նոբելյան մրցանակակիր, բելառուսցի գրող Սվետլանա Ալեքսիևիչը, լիտվացի գրող Վենցլովան, ավստրիացի Նոբելյան մրցանակակիր Էլֆրիդե Էլինեկը, Գերմանիայի նախկին արտգործնախարար Մարկուս Մեկելը, Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆիլիպ դը Սյուրմենը, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհովստադտը:

Հիշեցնենք՝ մեղադրողը պահանջել է Սավչենկոյին դատապարտել 23 տարվա ազատազրկման:

Նադեժդա Սավչենկոն ռուսաստանյան դատարանում բազմիցս հայտարարել է, որ 2014 թվականին իրեն առևանգել են ռուսամետ անջատականները, իսկ իր դեմ հարուցված քրեական գործն «ամբողջությամբ շինծու է»: Նա դատարանում ասել է, որ չէր կարող սպանել երկու ռուս լրագրողներին․ գործի նյութերում առկա է սպանության ժամի վերաբերյալ տվյալ, սակայն, ըստ Սավչենկոյի, այդ պահին ռուսամետ անջատականներն իրեն արդեն առևանգել էին, և ինքը ֆիզիկապես չէր կարող սպանել լրագրողներին՝ գտնվելով նրանցից շատ հեռու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG