Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Բանտում կարող են փորձել ուժով կերակրել Սավչենկոյին


Ուկրաինա - Նադեժդա Սավչենկոյին ազա արձակելու պահանջով բողոքի ակցիան Կիևում, 6-ը մարտի, 2016թ․
Ուկրաինա - Նադեժդա Սավչենկոյին ազա արձակելու պահանջով բողոքի ակցիան Կիևում, 6-ը մարտի, 2016թ․

Ուկրաինացի օդաչուի գործի կապակցությամբ ակցիաներ են տեղի ունեցել Կիևում և Մոսկվայում:

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փաստաբան Իլյա Նովիկովը Ֆեյսբուքում կիրակի օրը գրել է, որ բանտի ղեկավարությունը պատասխանատու է իր պաշտպանյալի համար, և քանի որ Սավչենկոն չոր հացադուլ է հայտարարել, բանտում կարող են փորձել նրան ուժով կերակրել, ու այդ դեպքում Նադեժդան կարող է դիմել որոշակի քայլերի: Փաստաբանը հավելել է, որ այս պահին հնարավոր չէ ուկրաինացի օդաչուին համոզել դադարեցնել հացադուլը:

Ավելի վաղ Ռուսաստանի օմբուդսմեն Էլլա Պամֆիլովան Սավչենկոյի քրոջը հեռախոսով ասել է, որ Նադեժդայի վիճակը նորմալ է, և նրան ուժով կերակրելու անհրաժեշտություն դեռ չկա: Պամֆիլովան նաև ասել է, որ արդեն ձևավորվել է ուկրաինացի բժիշկների մի խումբ, և նրանք առաջիկայում կկարողանան բանտում հանդիպել Սավչենկոյին․ ուկրաինացի օդաչուն թույլ չի տալիս, որ իրեն զննեն ռուսաստանցի բժիշկները:

Նադեժդա Սավչենկոն չոր հացադուլ է հայտարարել մարտի 3-ին, երբ Մոսկվայի դատարանը նրան թույլ չի տվել հանդես գալ վերջին խոսքով: Ընդ որում, նա հայտարարել է, որ արգելում է իրեն ստիպողաբար կերակրել, սակայն Ռուսաստանի օրենքների համաձայն՝ չեն կարող Սավչենկոյին թույլ տալ մահանալ հացադուլից:

Մեղադրող կողմը Սավչենկոյի համար 23 տարվա ազատազրկում է պահանջում, դատարանի վճիռը կընթերցվի, ամենայն հավանականությամբ, արդեն մարտի 9-ին:

Համացանցում մի քանի ժամ անց, այնուամենայնիվ, հայտնվել է Նադեժդա Սավչենկոյի վերջին խոսքը: «Ես իմ մեղքը չեմ ճանաչում, ուզում եմ՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանա, որ Ռուսաստանը երրորդ աշխարհի երկիր է՝ տոտալիտար ռեժիմով և խելագար բռնապետով», - մասնավորապես հայտարարել է ուկրաինացի օդաչուն:

Պարբերաբար հայտնվում են լուրեր, թե առաջիկայում Սավչենկոյին կուղարկեն Ուկրաինա: Օրինակ, Սավչենկոյի փաստաբաններից մեկը՝ Մարկ Ֆեյգինը հայտարարել է, թե ամենաուշը ապրիլին ուկրաինացի օդաչուին կփոխանակեն Ուկրաինայում ձերբակալված Ռուսաստանի հատուկ ծառայությունների երկու աշխատակիցների՝ Ալեքսանդր Ալեքսանդրովի և Եվգենի Երոֆեևի հետ:

Նադեժդա Սավչենկոն հերքում է ռուսական կողմի մեղադրանքը երկու լրագրողների սպանության գործով և պահանջում է, որ իրեն հայրենիք վերադարձնեն:

Սավչենկոն ռուսաստանյան դատարանում բազմիցս հայտարարել է, որ 2014 թվականին իրեն առևանգել են ռուսամետ անջատականները, իսկ իր դեմ հարուցված քրեական գործը ամբողջությամբ շինծու է:

Սավչենկոյի գործի կապակցությամբ Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ հանգստյան օրերին տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ի պատասխան՝ կիրակի օրը Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան մոտ մի քանի հարյուր մոսկվացի էր հավաքվել բողոքի ակցիայի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG