Մատչելիության հղումներ

Էրդողանը «չի ընդունում» ընդդիմադիր լրագրողներին ազատ արձակելու վերաբերյալ ՍԴ-ի որոշումը


 «Ջումհուրիեթ»-ի հայատառ վերնագիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին
«Ջումհուրիեթ»-ի հայատառ վերնագիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին

Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին ազատ արձակելու՝ Սահմանադրական դատարանի որոշումը լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել ՍԴ-ի և նախագահ Թայիփ Էրդողանի միջև:

Նախագահ Էրդողանը քննադատել է դատարանի կայացրած որոշումը` հայտարարելով, թե չի ընդունում և չի հարգում այն: Նա կարծիք էր հայտնել, որ մամուլի ազատությունը չի կարող անսահման լինել, և աշխարհի ոչ մի վայրում մամուլը նման ազատություն չունի:

Թուրքական «Հյուրիեթ»-ի հաղորդմամբ` Թուրքիայի ՍԴ նախագահ Զյուհթու Արսլանը պատասխանել է Էրդողանի հնչեցրած քննադատությանը` հայտարարելով, որ ՍԴ-ի որոշումները պարտադիր կերպով տարածվում են բոլոր անձանց և կառույցների վրա: Նա նշել է, որ նախագահի քննադատությունը չի կարող փոխել դատարանի որոշումը:

Շուրջ երեք ամիս բանտում անցկացրած լրագրող Ջան Դյունդարը այսօր «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիսթոֆ Դելուարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ դատապարտել է Էրդողանի դիրքորոշումը:

Ջան Դյունդարը ազատ արձակվելուց հետո, 26-ը փետրվարի, 2016թ.
Ջան Դյունդարը ազատ արձակվելուց հետո, 26-ը փետրվարի, 2016թ.

«Մեր նախագահը սովոր չէ պարտության, նա գրեթե չի պարտվում: Սակայն սա բացահայտ պարտություն է, և մարսելու փոխարեն փորձում է պետական ճգնաժամի վերածել: Նա հայտարարել է, որ չի ճանաչում և չի ընդունում դատարանի որոշումը: Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ սա աննախադեպ հայտարարություն է»,- նշել է Դյունդարը:

Իսկ Քրիսթոֆ Դելուարը նշել է, որ Էրդողանը այս կերպ նպաստում է լրագրողների դեմ ուղղված վախի, ավելին՝ սպառնալիքի մթնոլորտի ամրապնդմանը: Դելուարը համոզմունք է հայտնել, որ Էրդողանի հայտարարությունը իսկապես վտանգավոր է:

«Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլը կալանավորվել էին շուրջ երեք ամիս առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Թուրքիայի հետախուզական ծառայության համագործակցության մասին նյութ հրապարակելու համար: Լրագրողներին մեղադրել էին ահաբեկչական կազմակերպությանը ներգրավվածության և լրտեսության մեջ: Փետրվարի 25-ին կայացրած որոշմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել էր, որ լրագրողների կալանավորումը հակասահմանադրական է և ազատ էր արձակել նրանց:

Էրդողանից բացի ՍԴ-ի որոշման հետ համաձայն չէ նաև Թուրքիայի արդարադատության նախարարությունը։ Սահմանադրության խախտում որակելով վճիռը՝ նախարար Բեքիր Բոզդաղը պաշտպանել է Էրդողանին, նաև պնդել է՝ նախագահը իրավունք ունի քննադատել ՍԴ-ի որոշումը:

Նախագահ Էրդողանի և ՍԴ-ի միջև առաջացած տարաձայնությունները սասանում են իրավական պետության հիմքերը: Այս մասին գրում է թուրքական «Ռադիկալ» պարբերականի սյունակագիր Ջենգիզ Չանդարը` մեջբերով ՄԻԵԴ-ի նախկին դատավոր, ազգությամբ թուրք Ռըզա Թյուրմենի այն մեկնաբանությունը, թե «եթե նախագահը չի ընդունում և չի հարգում Սահմանադրական դատարանի վճիռները, ապա նույն տրամաբանությամբ մեկն էլ կարող է կասկածի տակ դնել նախագահի սահմանադրական լիազորությունները, նման արտահայտությունը ամեն ինչի լեգիտիմությունը վիճելի է դարձնում»:

XS
SM
MD
LG