Մատչելիության հղումներ

Արամայիս Ավագյանի պաշտպանության կոմիտեն դիմում է ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին


Արամայիս Ավագյանը որդու հետ, արխիվ
Արամայիս Ավագյանը որդու հետ, արխիվ

Կոմիտեի ուղերձում նկարագրված են Արամայիսի և գործով անցնող այլ անձանց նկատմամբ իրականացված «անմարդկային» հալածանքները:

Ուզբեկստանում իսլամական ծայրահեղականության և այլ ծանր մեղադրանքներով առաջին ատյանի դատարանի դատավճռով 7 տարվա ազատազրկման դատապարտված Արամայիս Ավագյանի և ընկերների պաշտպանության նպատակով ստեղծվել է կոմիտե:

Կոմիտեի կազմում են ուզբեկստանցի հայտնի իրավապաշտպան Սուրաթ Իքրամովը, Հայաստանից՝ իրավապաշտպաններ Վարդան Հարությունյանը և Ժաննա Ալեքսանյանը:

Կոմիտեի կազմում են նաև «Մարդու իրավունքների գերմանական ֆորում» հասարակական կազմակերպության, Ուզբեկստանի իրավապաշտպանական դաշինքի, Մոսկվայում գործող “Мемориал” իրավապաշտպանական կենտրոնի, Ղազախստանում գործող Մարդու իրավունքների և օրենքի վերահսկողության բյուրոյի ներկայացուցիչները: Կոմիտեի տարածած հայտարարությանը շարունակում են միանալ այլ իրավապաշտպաններ ևս:

Կոմիտեն հրապարակել է ուղերձ՝ դիմելով Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, Եվրոպական միությանը, ԵԱՀԿ-ին, Human Rights Watch-ին, Amnesty International-ին, Freedom House-ին: Ուղերձում նկարագրված են Արամայիս Ավագյանին առևանգելու մանրամասները, նրա նկատմամբ գործադրված խոշտանգումները, քրեական հետապնդում սկսելու պատճառները: Նշված են, մասնավորապես, հայազգի երիտասարդի բիզնեսը խլելու՝ տեղական իշխանության ղեկավարի փորձերի մասին պնդումները:

Կոմիտեն ուղերձի հասցեատերերին խնդրում է համագործակցության միջոցով հասնել Արամայիս Ավագյանին և ընկերներին արդարացման միջոցով ազատելուն, նրանց իրավունքների վերականգնմանը: Հայտարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Ուղերձում նշված է, որ սեպտեմբերի 4-ին Ուզբեկստանի Ազգային անվտանգության ծառայության Դիզակի շրջանի աշխատակիցները Պախտակորի տարածքում «ապօրինի ձերբակալել են բնակիչներ Արամայիս Ավագյանին, Ֆուրքատ Ջուրաևին, Բեկտեմիր Ումուրզոկովին, Դիլշոտ Ամինովին և Աքմալ Մամատմուրադովին, որոնց հագցրել են ձեռնաշղթաներ, գլխներին պարկեր են քաշել և տարել անհայտ ուղղությամբ: Նրանց մեքենան այրել են:

Նշված մարդկանց ձերբակալելու և գտնվելու վայրի մասին նրանց հարազատները տեղյակ չեն պահվել և միայն 40 օր անց է նրանց հայտնի դարձել ձերբակալվածների գտնվելու վայրը»: Կոմիտեի ուղերձում նշված է, որ նախաքննության 4 ամիսների ընթացքում մարդիկ ենթարկվել են դաժան, անմարդկային խոշտանգումների՝ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով նրանց ստիպել են ստորագրել մաքուր թղթերի վրա, տանջել են՝ էլեկտրական լարերը միացնելով ականջի բլթակներին, հարվածել են երիկամներին, մեջքին: «Ուժեղ հարվածներից կոտրվել են Արամայիս Ավագյանի աջ կողմի մի քանի կողային ոսկրերը, կոտրվել է նրա ոտքը, սկսվել է գանգրենա (փտախտ), հետո նրան տարել են Տաշքենդի Ազգային անվտանգության քննչական մեկուսարան, որտեղ բժիշկները հասցրել են բուժել նրան»:

Կոմիտեի հայտարարության մեջ նաև նշված է, որ Դիզակի տարածքում Պախտակորի շրջանի ղեկավար Գաֆուր Կարշիբաևը ոստիկանությունում աշխատող իր եղբորը՝ Ս. Կարշիբաևին ցուցում է տվել՝ ձերբակալել Արամայիս Ավագյանի եղբորը՝ Արթուրին, որն ապրում է Տաշքենդում: «Նրան ապօրինի ձերբակալել են, ներքին գործերի նախարարության Դիզակի մեկուսարանում 30 օր պահել, ծեծի են ենթարկել՝ եղբոր դեմ ցուցմունքներ տալու պահանջներով»:

Ազգային անվտանգության ծառայության քննիչներ Խոլովըմ Շերզոդը և Բոլբեկովըմ Դիլմուրադովը, ըստ կոմիտեի ուղերձի, որոշ ժամանակ թույլ չեն տվել փաստաբան Ա. Աբդուլաևային՝ տեսակցել իր պաշտպանյալին, իսկ Ազգային անվտանգության ծառայության քննիչների սպառնալիքներից հետո նա հրաժարվել է Արամայիս Ավագյանի պաշտպանությունից: Երկրորդ փաստաբանին՝ Օ․ Կոբիլովին քննության ավարտին զրկել են փաստաբանական արտոնագրից և նրա նկատմամբ հարուցել են քրեական գործ՝ կաշառք ստանալու և շորթման հոդվածներով:

Ուղերձում նաև նշված է, որ դատական նիստերի մասին հարազատներին պատշաճ կերպով տեղյակ չեն պահել, «դատական պրոցեսն անցել է Ուզբեկստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի և արդարադատության միջազգային նորմերի կոպիտ խախտումներով»: Կոմիտեն նաև նշում է, որ դատավարական պրոցեսի ժամանակ չի ապացուցվել ամբաստանյալների մեղքը, որոնք մեղադրվում են ահաբեկչության, Ուզբեկստանի սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարելու, դիվերսիայի, գողության, հանցագործության մասին չհայտնելու, պետական անվտանգությանը սպառնացող նյութեր պատրաստելու և տարածելու, ծայրահեղ կրոնական, անջատողական, արմատական գործունեություն ծավալելու և արգելված կազմակերպություններում մասնակցություն ունենալու մեջ:

Ողերձում նաև նշվում է, որ դատավճռի հրապարակումից հետո սկսվել են հետապնդումներ՝ Արամայիս Ավագյանի հարազատների նկատմամբ: «Նրանց սպառնացել են, որ պատասխանատվության կենթարկվեն, եթե դիմեն տեղական և միջազգային, իրավապաշտպան կազմակերպություններին, լրագրողներին: Արամայիս Ավագյանի կնոջը՝ 2 անչափահաս երեխաների մայր Շիրին Տուրսունովային ներկայացրել են վերջնագիր՝ Պախտակորի շրջանից հեռանալու պահանջով»: Ըստ կոմիտեի, Արամայիս Ավագյանի ընտանիքի նկատմամբ հետապնդումները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG