Մատչելիության հղումներ

Ջոն Քերրի․ «Մերձավոր Արևելքում չափազանց զգույշ ենք աշխատում»


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ելույթ է ունենում Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 25-ը փետրվարի, 2016թ․
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ելույթ է ունենում Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 25-ը փետրվարի, 2016թ․

ԱՄՆ պետքարտուղարը Կոնգրեսում խոսել է թուրք-քրդական հակամարտության, Սիրիայում քրիստոնյաների ոչնչացման մասին:

Միացյալ Նահանգները հարգում է Մերձավոր Արևելքի դյուրազգաց բնույթը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին` ելույթ ունենալով Կոնգրեսում անցնող լսումների ընթացքում:

Կոնգրեսականների խնդրանքով պետքարտուղարն անդրադարձել է թուրք-քրդական հակամարտությանը և Սիրիայում քրիստոնյաների ոչնչացմանը:

«Մենք բանակցում ենք Թուրքիայի հետ, որպեսզի համոզված լինենք, որ չեն հատվելու նրանց համար կարևոր կարմիր գծերը, միևնույն ժամանակ՝ գիտակցելով տարածաշրջանի դյուրազգաց բնույթը», - նշել է Քերրին:

Պետքարտուղարի խոսքով՝ Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է տարածաշրջանում, սակայն քրդական բնակչությունն ապահովում է «Դաեշ»-ի («Իսլամական պետության») դեմ պայքարում անհրաժեշտ ցամաքային ուժը:

«Այնպես որ, մենք չափազանց զգույշ ենք աշխատում, քանի որ մեզ անհրաժեշտ են տեղանքում ցամաքային ուժեր, որոնք պատրաստ են պայքարել «Դաեշ»-ի դեմ, և ինչպես ցույց տվեց Քոբանիի վառ օրինակը, մենք «Դաեշ»-ին Քոբանիից դուրս շպրտեցինք քրդերի աջակցությամբ», - նշել է Քերրին:

Լսումների ընթացքում մի շարք կոնգրեսականներ պետքարտուղարից պահանջեցին պետական մակարդակով ընդունել, որ Մերձավոր Արևելքում հենց մեր օրերում շարունակվում է քրիստոնյաների ցեղասպանությունը:

«Արդեն մի քանի տարի է, ինչ մենք Մերձավոր Արևելքում քրիստոնյաների կոտորածի ականատեսներն ենք, և անընդունելի է, որ այն դեռ պաշտոնապես չի ճանաչվել, քանի որ մենք խոսում ենք ցեղասպանության ենթարկվող տասնյակ հազարավոր մարդկանց մասին», - նշել է ԱՄՆ-ի ազդեցիկ կոնգրեսական Դեյնա Ռորաբահերը:

Կոնգրեսականների կարծիքով, Իրաքից և Սիրիայից փախչող քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի համար անհրաժեշտ է ընդունման հատուկ կարգ հաստատել և նրանց առաջի′ն հերթին ընդունել, քանի որ նրանք են կոտորածի ամենամեծ վտանգի տակ:

Ջոն Քերրին ի պատասխան ընդգծել է, որ հարցը պետք է կարգավորվի իրավական և փաստահավաք աշխատանքների ավարտից հետո:

«Ուզում եմ ընդգծել, որ ցանկանում եմ անել դա հնարավորին չափ արագ», - ընդգծել է Քերրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG