Նյու Յորքի նախկին քաղաքապետ, մեդիամագնատ 73-ամյա Մայքլ Բլումբերգը անդրադարձել է ավելի վաղ քննարկումների լուրջ տեղիք տված հարցին, թե հնարավո՞ր է մասնակցի Միացյալ Նահանգների նախագահական ընտրապայքարին: Նա Financial Times -ի հետ զրույցում չի բացառել նման հնարավորությունը:
Բլումբերգը մտադիր է մրցապայքարին մասնակցել որպես անկախ թեկնածու: Նա Financial Times-ի հետ զրույցում դժգոհել է նախընտրական քարոզչության որակից՝ այն «վիրավորական» համարելով ընտրողների համար: «Ընտրողներն արժանի են ավելին»,- ասել է Բլումբերգը։
Մոտ երկու շաբաթ առաջ The New York Times-ը գրել էր, որ Մայքլ Բլումբերգն իր խորհրդականներին հանձնարարել է նոյեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ մշակել նախընտրական ռազմավարություն:
«Մայքլ Բլումբերգը նախագահի թեկնածու» վերնագիրն, ըստ արևմտյան լրատվամիջոցների, կհայտնվի մարտի սկզբին: Լրագրողները բացահայտել են, որ Բլումբերգը կարող է նախընտրական քարոզչության համար ծախսել մոտ մեկ միլիարդ դոլար:
Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուն՝ մեկ այլ միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ կլինի ընտրարշավին Բլումբերգի մասնակցության առիթով: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Վերմոնթ նահանգից ընտրված 74-ամյա սենատոր Բերնի Սանդերսը, մինչդեռ, դժգոհ է Բլումբերգի մտադրությունից: Իրեն բնորոշելով սոցիալիստ՝ Սանդերսը հայտարարել է, որ ևս մեկ միլիարդատիրոջ նախագահի պաշտոնին մղելը երկրի համար նշանակում է «ժողովրդավարությունից քայլ դեպի օլիգարխիա»։
Ըստ Reuters գործակալության, Բլումբերգի թեկնածության հարցում ամենահանգիստ դիրքորոշումը ցուցաբերում է Հիլարի Քլինթոնը: Financial Times պարբերականի վարկածով, Բլումբերգը մրցապայքար կմտնի միայն այն դեպքում, եթե Հիլարի Քլինթոնը չդառնա Դեմոկրատական կուսակցության թեկնածու:
Ըստ Forbes հանդեսի՝ Բլումբերգի անունը ներառված է աշխարհի ամենահարուստ 14 մարդկանց ցանկում: Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնին 2014 թվականին հրաժեշտ տված Բլումբերգի կարողությունը գնահատվում է ավելի քան 36 միլիարդ դոլար: