Մատչելիության հղումներ

Իրանն «ունի Հայաստան զազի արտահանումը հնգապատկելու հնարավորություն»


Իրան - Հայաստան գազամուղը, արխիվ
Իրան - Հայաստան գազամուղը, արխիվ

Իրանի գազի ազգային ընկերության ղեկավարը անդրադարձել է Հայաստանում անհրաժեշտ ենթակառուցվածքների հարցին:

Իրանի գազի ազգային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելին, խոսելով հայ-իրանական էներգետիկ համագործակցության մասին, հայտարարել է. - «Ներկայումս միջինը մեկ միլիոն խորանարդ մետր գազ է մատակարարվում հարևան երկիր»:

Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրենը, ըստ իրանական «Մեհր» գործակալության, Հայաստանի գազի արտահանման ծավալների ավելացման հարցին անդրադառնալով, ընդգծել է էլեկտրաէներգիայի մատակարարման նոր գծի և Հայաստանից ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու կարևորությունը: «Ըստ համատեղ համաձայնության, կա հնարավորություն գազի ծավալները հինգ անգամ ավելացնելու վերաբերյալ», - նշել է Քամելին:

2014 թվականի հուլիսին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է իրանական գազ տարանցել երրորդ երկրներ։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները փոխանցել էին Իրանի նավթի նախարարի տեղակալ Ալի Մաջեդիի հայտարարությունը, թե Թեհրանը պատրաստ է Հայաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա:

Ինչ վերաբերում է Իրանի գազի ազգային ընկերության ղեկավարի երեկվա հայտարարություններին, նա անդրադարձել է Հայաստանում անհրաժեշտ ենթակառուցվածքների հարցին՝ կարևորելով արտահանման ծավալների ավելացման հանգամանքը:

Ալիռեզա Քամելին նաև անդրադարձել է 400 կիլովատտ բարձր լարման էլեկտրահաղորդման գծի շինարարությանը, նշելով՝ «Հայաստանը վերջերս նախաձեռնել է 400 կՎտ էլեկտրահաղորդման գիծը», ապա ավելացնելով, որ ենթադրվում է՝ շինարարությունը կավարտվի երկու տարում:

Ավելի վաղ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարել էր 400 կՎտ երրորդ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի գործնական փուլի՝ շինարարություն մեկնարկի ժամկետը՝ օգոստոսի երկրորդ կեսը: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 107․9 միլիոն եվրո գումարը տրամադրելու պատրաստակամությունը ստանձնել է իրանական կողմը:

Օգոստոսի 9-ին Թեհրանում, Իրանի Արտահանման զարգացման բանկի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության միջև ստորագրվել էր ֆինանսական պայմանագիր, ըստ որի՝ գումարի 77 տոկոսը տրամադրելու պարտավորություն է ստանձնել իրանական բանկը: Իսկ շինարարության համար անհրաժեշտ գումարի 23 տոկոսի տրամադրման հանձնառությունը ստանձնել էր ծրագրի գլխավոր կապալառուն՝ SUNIR ընկերությունը, որի հետ օգոստոսի 12-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը ստորագրել է շինարարության պայմանագիր:

Իրանի և Հայաստանի էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորություններն ավելացնելու նպատակով նոր երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցման համաձայնությունը ձեռք էր բերվել 2004 թվականի դեկտեմբերին: 2006 թվականի մայիսին հարևան երկրները ստորագրել էին կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Կազմակերպչական և նախագծային որոշ աշխատանքներից հետո, սակայն՝ 2013 թվականի սկզբին, Իրան-Հայաստան 400 կՎտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ֆինանսավորումը կասեցվել էր: Նախորդ տարեվերջին հայկական ու իրանական կողմերի բանակցություններից հետո կրկին որոշվեց վերսկսել ծրագրի ֆինանսավորումը:

«Մեհր» գործակալությունը հիշեցնում է, որ էներգետիկ համագործակցությունը կավելացնի առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև:

«Համընկնող շահեր»

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Իրանի գազի ազգային ընկերության ղեկավարի վերջին հայտարարությունները պայմանավորում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացմամբ և տնտեսության աշխուժացման ձգտումներով: Ի պատասխան հարցի, թե ովքե՞ր կարող են շահել իրանական գազի արտահանման ծավալներն ավելացնելուց, Խաչատրյանը միանշանակ բացառեց, որ այս ծրագիրը հնարավոր է՝ վերաբերի անհատ սպառողներին:

«Ես բացառում եմ, որ դա քաղաքացիներիս կվերաբերի, դա միայն էներգետիկ նպատակներով կարող է օգտագործվել: Եվ երկրորդը՝ այնպես չի, որ այսօր համաձայնագիրը կնքեցին, վաղը ստացան, առավել ևս երբ հետին հայացք եք գցում նախապատմությանը, 2003 թվականից է մի քիչ աշխուժացում սկսել այս գործընթացում, բայց հետագայում՝ տարբեր ժամանակներում հետաձգվել է տարբեր պատճառներով: Լավատեսությունը միայն այն առումով է, որ իրանական կողմը նորից ակտիվացել է, և նորից խոսք է գնում այդ գազամուղի հնարավորությունն ամբողջական օգտագործելու մասին, և երկրորդ՝ արդեն այդ ծրագրի մեջ մտնում են ոչ միայն Իրանը, այլ նաև՝ եվրոպական ֆինանսական կառույցներ»,- ասաց տնտեսագետը։

Ըստ Վահագն Խաչատրյանի, կա Իրանին ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություն: Միևնույն ժամանակ Իրանն ունի գազի արտահանման ծավալներն ավելացնելու հնարավորություն: Համընկնող շահերից բացի, ըստ տնտեսագետի, «Գազպրոմ»-ը նույնպես շահագրգռված լինելու պատճառ ունի. - «5-րդ բլոկը իրենն է, իսկ այն այսօր ամբողջ հզորությամբ չի օգտագործվում նաև այն պատճառով, որ թանկ հոսանք արտադրող է: Հիմա եթե հնարավորություն կա Իրանից գազ ստանալ ավելի էժան և էդ գազի շնորհիվ ստանալ էլեկտրաէներգիա, որը կմատակարարվի Իրանին, այսինքն էս ամեն ինչի մեջ «Գազպրոմ»-ի շահագրգռվածությունն էլ կա»։

«Մնում է՝ Հայաստանի իշխանությունները կամք դրսևորեն»

Իրանական կողմից գազի մեծ ծավալներ ստանալու ծրագրի առնչությամբ Ռուբիկ Մինասյանն ունի սպասելիքներ: Հարցին, թե այդ ծրագիրը կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել, որ իրանական գազն ինչ-որ պահի ուղիղ հասնի քաղաքացիներին, «Ազատության» իրանական ծառայության լրագրողն ասաց.- «Ինչքանով որ ես եմ տեղյակ, Հայաստանը միշտ էլ ունեցել է հոսանքի ավելցուկ: Այսինքն դրա շնորհիվ, ինձ թվում է, թե այո՛, դա հնարավոր կլինի, որ ինչ-որ տոկոսով իրանական գազը փոխարինի ռուսական գազին: Իրանական գազի որակը ռուսական գազի հետ համեմատելի չէ: Այսինքն նույնիսկ իրանցիներն են ասում, որ իրանական գազը շատ ավելի որակով է, քան այն, ինչ Հայաստանն այսօր ստանում է Ռուսաստանից»։

Ամփոփելով զրույցը, Ռուբիկ Մինասյանն ասաց, որ կա ավելի էժան և որակյալ գազ ստանալու հնարավորությունը, «մնում է՝ Հայաստանի իշխանությունները նման կամք դրսևորեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG