Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը սկսել է եվրոպական այցերը


Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան ողջունում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, 25-ը հունվարի, 2016թ.
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան ողջունում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, 25-ը հունվարի, 2016թ.

Իրանի նախագահն այսօր պաշտոնական այցով բացել է նոր ճանապարհ եվրոպական երկրների հետ տնտեսական հարաբերությունները վերականգնելու համար: Անցած 16 տարիներին միջուկային վիճահարույց ծրագրի պատճառով եվրոպական երկրների հետ հարաբերությունների հնարավորությունից զրկված Իրանի ղեկավարն այսօր 120 հոգանոց պատվիրակությունով ժամանել է Իտալիա:

Հունվարի 16-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին:

Հասան Ռոհանիին Հռոմում նախագահի նստավայրում ընդունել է պաշտոնակիցը՝ Սերջիո Մատարելլան: Reuters-ի փոխանցմամբ, Իրանի և Իտալիայի նախագահները ստորագրել են ավելի քան 18 միլիարդ ամերիկյան դոլարի համաձայնագրեր՝ էներգետիկ և արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Վաղը նախատեսված է Իրանի նախագահի հանդիպումը Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ: Միջազգային լրատվական գործակալությունների հաղորդմամբ, հունվարի 26-ին Հասան Ռոհանիին պետք է ընդունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնությունից հետո Հռոմի պապը հայտարարել էր, որ հույս ունի՝ դա կդառնա «հաստատուն քայլ դեպի ավելի ապահով և եղբայրական աշխարհ»:

Նախատեսված է, որ Իտալիայում հանդիպումներից հետո Իրանի նախագահը կմեկնի Ֆրանսիա: Ակնկալվում է, որ Ֆրանսիայում նույնպես իրանական կառավարությունը կստորագրի համաձայնագրեր, այդ թվում՝ ֆրանսիական Airbus ընկերությունից 114 ինքնաթիռներ գնելու վերաբերյալ:

Նախքան Իտալիա այցը, Ռոհանին Թեհրանում երկու օր առաջ ընդունել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինին: Իրանի նախագահը հայտարարել էր, որ Չինաստանի ղեկավարի հետ որոշել են զարգացնել երկկողմ հարաբերությունները և առաջիկա 10 տարիներին առևտրաշրջանառությունը հասցնել 600 միլիարդ դոլարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG