Ստրասբուրգում այսօր ավարտվել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական 16-րդ նիստը։
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննարկումներ են ծավալվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների, այդ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի, տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի նախագահությամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն օրակարգային խնդիրների շուրջ, և հայաստանյան պատվիրակության անդամները պատասխանել են Եվրախորհրդարանի պատգամավորներին հուզող հարցերին:
Երկօրյա քննարկումների ավարտին ընդունվել են համատեղ եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ: Ընդունված փաստաթղթում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական այլ կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող մտահոգիչ քննարկումներին:
Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանն արձանագրել է, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է, և այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական և այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում և բանաձևերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»: