Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ միջազգային կազմակերպությունների 2015 թվականի զեկույցներում


Երևան, 23-ը հունիսի, 2015թ․
Երևան, 23-ը հունիսի, 2015թ․

Իրավունքների խախտումներ արձանագրեցին Freedom House-ը, Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Transparency International-ը և մի շարք այլ հեղինակավոր կազմակերպություններ:

Հայաստանն անցյալ տարի բազմաթիվ և տարատեսակ առիթներով հայտնվեց միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատության թիրախում՝ հավաքների ազատության ոտնահարման, ոստիկանական գործողությունների, խոսքի ազատության սահմանափակման դեպքերի, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հաջողություններ չգրանցելու, բողոքի ակցիաներից հայտնի քաղաքացիների նկատմամբ հարձակումների գործերով պատշաճ և արդյունավետ քննություն չիրականացնելու պատճառով:

Մեկը մյուսի հետևից միջազգային իրավարար փաստաթղթերով ամրագրված իրավունքների խախտումներ արձանագրեցին Freedom House-ը, Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Transparency International-ը և մի շարք այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:

«Մասամբ ազատ»

2015-ը մեկնարկեց ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկի` Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցով , ըստ որի՝ «Հայաստանը, ինչպես և նախորդ տարիներին, շարունակում է մնալ մասամբ ազատ պետությունների խմբում»:

2013 թվականի «արժեքների հեղափոխության» փորձից հետո քաղաքացիներ Շանթ Հարությունյանին, Վահե Մկրտչյանին, Վարդան Հարությունյանին և մյուսներին, նրանց աջակցություն հայտնած և ընդամենն օդամղիչ ատրճանակով օդ կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանին, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին բանտում պահող կառավարությունը Freedom House-ի՝ քաղաքական համակարգի ազատության 7-բալլանոց սանդղակով արժանացավ 5, իսկ քաղաքացիական ազատությունների գծով` 4 միավորի:

Freedom House-ի փորձագետներն աշխարհի 195 պետություններում և 15 չճանաչված տարածքներում ազատությունների վիճակը գնահատելիս նկատի էին ունեցել՝ որքան ավելի բարձր է երկրի ստացած միավորը, այնքան ավելի շատ խնդիրներ ունի տվյալ երկիրը՝ կապված խոսքի ազատության հետ:

Freedom House-ի զեկույցին հաջորդեց Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցը՝ Հայաստանը կրկին մնաց քննադատության թիրախում:

Միջամտություն խաղաղ ցույցերին

«2014 թվականին Հայաստանի իշխանությունները շարունակել են միջամտել խաղաղ ցույցերին: Ոստիկանությունը, համաձայն իրավապաշտպանների, անցած տարվա առաջին կիսամյակում խաղաղ ցույցերի ընթացքում առնվազն 70 ակտիվիստի է ձերբակալել»,- նշված էր Human Rights Watch-ի զեկույցում: Այդ զեկույցում անդրադարձ կար նաև Շանթ Հարությունյանի և գաղափարակիցների բանտարկությանը, Շանթի՝ այն ժամանակ անչափահաս որդուն կալանավորելու փորձերին: «Տեղացի իրավապաշտպանների կարծիքով՝ այս ամենի դրդապատճառները քաղաքական են»,- նշված էր զեկույցում:

Human Rights Watch-ը առանձնացրել է նաև կալանավորվածների նկատմամբ խոշտանգումների խնդիրները՝ ավելացնելով դրանց վերաբերյալ լրագրողական հետաքննությունների ձախողված փորձերը: «Լրագրողները շարունակել են բախվել ճնշման և բռնության»,- ասված էր զեկույցում:

Կազմակերպությունը հիշատակել էր նաև «Իրավունք» թերթի աղմկահարույց հրապարակումը՝ 60 հոգուց բաղկացած «սև ցուցակը»:

Անցյալ տարվա երկրորդ ամիսը նույնպես զերծ չէր մարդու իրավունքների հարցում Հայաստանի կառավարությանը միջազգային կառույցների ուղղած քննադատությունից:

Մարտի 1-ի սպանությունների բացահայտման անտեսված պահանջները

ՄԱԿ-ի հետ համագործակցող Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար Վինսենտ Պլոտոնը փետրվարին Երևանում պնդեց՝ Հայաստանը չի կատարել մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի երեք հանձնարարական։

Այդ հայտարարությունից երկու տարի առաջ կառույցի մարդու իրավունքների հանձնաժողովը մեկ տարի ժամանակ էր հատկացրել 2008-ի մարտի 1-ի 10 սպանությունների անպատժելիությունն ուսումնասիրելու, դատական համակարգի անկախությունն ապահովելու և խոշտանգումների վերաբերյալ բողոքները որևէ անկախ կառույցում քննելու համար։

Պլոտոնը Երևանում հստակ գնահատեց՝ Հայաստանը տրված ժամկետում չի կատարել ստանձնած պարտավորությունները։

«2014 թվականի մարտին կոմիտեն ուսումնասիրեց կառավարության և ՀԿ-ներից ստացված տեղեկությունները այդ երեք առաջնահերթ հանձնարարականների կատարման վերաբերյալ։ Դժբախտաբար, հանձնաժողովը եզրակացրեց, որ այդ երեք հանձնարարականները չեն կատարվել, և այդ իմաստով նշանակեց C գնահատականը, որը հավասարազոր է այդ հանձնարարականները չիրագործելու փաստին»,- ասաց իրավապաշտպանը։

«Պատասխաններ տալու վերջնաժամկետ էր սահմանվել հունվարի 15-ը։ Որքան մենք տեղյակ ենք, այդ ժամկետի ավարտին կառավարությունը չէր ներկայացրել բացատրություն կամ պատասխան, բայց հիմա որոշ տեղեկություններ ունենք, որ կարծես կառավարությունը հիմա աշխատում է այդ ուղղությամբ»,- նշել էր Պլոտոնը, սակայն տարվա ընթացքում հայտնի չդարձավ, թե կոնկրետ ինչ արդյունք է ապահովել կառավարությունը:

Արդյունավետ քննության բացակայություն

Անցած տարի քաղաքացիական դիրքորոշմամբ հայտնի անձանց վրա չբացահայտված հարձակումների շարքը պատճառ հանդիսացավ Human Rights Watch-ի կոշտ պայմանի համար: Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի դեմ հարձակման քննությունը փորձաքար է կառավարության համար. Հայաստանի իշխանությունները պետք է անմիջապես քննեն Ազատամարտիկների դաշինքի անդամ Սմբատ Հակոբյանի ծեծը և պատասխանատվության կանչեն մեղավորներին, ամիսներ շարունակ տարբեր քաղաքացիների վրա փողոցում տեղի ունեցած հարձակումները չբացահայտելու՝ իրավապահների վարքագծի պայմաններում արդեն սեպտեմբերին հայտարարեց Human Rights Watch-ը:

Ավելի վաղ՝ փետրվարի վերջին, Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում Հայաստանին նվիրված բաժինն առանձնացավ հավաքների ազատության, խաղաղ ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից ուժի գործադրման դեպքերին անդրադարձով:

«Իրավապահներն այդպես էլ արդյունավետ քննություն չեն կատարել ձերբակալված ժամանակ ոստիկանությունում ընդդիմադիր առաջնորդ Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ», - նշված էր զեկույցում:

Մինչ այդ՝ ապրիլին Freedom House-ի զեկույցում Հայաստանը կրկին հիշատակվեց ոչ ազատ երկրների ցանկում: Freedom House-ի ներկայացուցիչ Էլեն Աղեկյանը բացատրեց, որ Հայաստանը մասամբ ազատ ու ոչ ազատ մամուլի սահմանագծում է հիմնականում ավանդական խնդիրների պատճառով, այդ թվում՝ հասարակական անձանց թշնամանքը լրագրողների նկատմամբ և անկախ ձայների չափազանց սահմանափակ թիվը լրատվամիջոցներում: «Եվրասիական միության անդամ դառնալուց հետո Հայաստանն իր վրա Ռուսաստանի ուժգնացող ազդեցությունն է զգում, և դեռ պարզ չէ, թե Հայաստանում իրադարձությունները որ ուղղությամբ կզարգանան»,- ասել էր Աղեկյանը:

Ապրիլի վերջից Հայաստանի իշխանություններն ապահովեցին քննադատության արժանանալու մեկ այլ առիթ, երբ կալանավորեցին «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսով բողոքի ակցիաներ իրականացնելու մտադրություն հայտնած Նախախորհրդարանի անդամներին:

Human Rights Watch-ը նամակ հղեց Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, մտահոգություն հայտնեց «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման հինգ անդամներին առաջադրված մեղադրանքների և նրանց նախնական կալանքի ենթարկելու կապակցությամբ:

Մեղադրանքների անկախ ուսումնասիրության պահանջ

«Human Rights Watch-ը մտահոգված է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հետապնդվում են իրենց խաղաղ քաղաքական հայացքների համար: Նրանց առաջադրված մեղադրանքներով խախտվում է մտքի և ազատ արտահայտվելու իրավունքը: Այն պաշտպանված է քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, որին միացել է նաև Հայաստանը», - գլխավոր դատախազին բացատրել էր իրավապաշտպան կազմակերպությունը:

Եվ ահա, շատ չանցավ, երբ գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրություն, նշելով, թե «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել․ - «Նկատի ունենալով, որ արդեն անցել է Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակման օրը, և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»:

Human Rights Watch-ը դրական քայլ համարեց մոտ մեկ ամսվա բանտարկությունից հետո «Հիմնադիր խորհրդարանի» հինգ անդամներին ազատ արձակելու որոշումը: Ապա պնդեց՝ իշխանությունները պետք է անկախ ուսումնասիրեն այդ մեղադրանքները, որոնք հնարավոր է միջամտություն են ակտիվիստների գաղափարներին, արտահայտվելու և հավաքներ անցկացնելու ազատություններին: Բայց միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության այս պնդումն անհետևանք թողեցին Հայաստանի իրավապահները, մինչ օրս դեռ չեն կարճել ընդդիմադիրների նկատմամբ հարուցված քրեական գործերը, նրանց ազատ արձակումից հետո ամիսներ շարունակ տեղական մամուլը ժամանակ առ ժամանակ տեղեկություններ էր հրապարակում, թե իշխանությունն ամեն պահի այդ «պահուստային» մեղադրանքը կարող է օգտագործել՝ բողոքի ակցիաները լռեցնելու նպատակով:

Համակարգային կոռուպցիա

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցը հրապարակվեց տարվա կեսին: Մարդու իրավունքների 2014 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը բնորոշ են «համակարգային կոռուպցիան և կառավարության գործունեության թափանցիկության պակասը»։

Ըստ զեկույցի, կոռուպցիան առկա է կառավարության բոլոր մակարդակներում և խարխլում է օրենքի գերակայության հիմքերը։ Հայաստանի կառավարությունը 2014 թվականի ընթացքում որոշակի սահմանափակ քայլեր է ձեռնարկել՝ կոռուպցիայի համար պատասխանատվության ենթարկելով ցածր կամ միջին աստիճանի պաշտոնյաների։

Ըստ Պետդեպարտամենտի զեկույցի, լուրջ հիմնախնդիրների շարքում են դատական համակարգի սահմանափակ անկախությունը և իշխանությունը փոխելու՝ քաղաքացիների սահմանափակ հնարավորությունը: Բանակում վերստին եղել են ոչ մարտական պայմաններում գրանցված, կասկածելի հանգամանքներում զինծառայողների մահվան դեպքեր, սպաների և ծառայակիցների կողմից շարքայիններին հալածելու, հետապնդելու և ապօրինի այլ վերաբերմունքի փաստեր։

Պետական դեպարտամենտի զեկույցի Հայաստանի բաժնում հիշատակում կար նաև այն մասին, որ երկրում տեղի են ունեցել քաղաքացիների կազմակերպած բողոքի ակցիաների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքեր։

Հունիսի 23-ից հետո

Հունիսի 23-ի դեպքերից հետո միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն առավել խիստ հորդորներով հանդես եկան:

Human Rights Watch-ի փոխտնօրենը Հայաստանի ոստիկանությանը կոչ է արեց թափանցիկ քննել հունիսի 23-ի կապակցությամբ տեղի ունեցած միջադեպերի գործերով ոստիկանական վարքագիծը:

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչըլ Դենբերը ընդգծեց՝ անթույլատրելի է ուժի կիրառումը, երբ բողոքի ակցիան խաղաղ է:

«Հարկավոր է ամբողջական հետաքննություն անցկացնել ոստիկանների գործողությունների կապակցությամբ», - բացատրել էր Դենբերը։

Բայց իրավապահները դա նույնպես թողեցին անհետևանք:

Բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցներին և լրագրողներին ոստիկանները ոչ միայն ծեծել էին, այլև խոչընդոտել լրագրողների աշխատանքը, կոտրել էին տեսախցիկներ, լրագրողների տարբեր սարքավորումներ:

Թեև Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց, մինչ օրս հայտնի չդարձան հետևանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG