Մատչելիության հղումներ

Փհենյանը հայտարարում է ջրածնային ռումբի փորձարկման մասին


Հյուսիսային Կորեայի այս քայլը ծայրահեղորեն մտահոգել է միջազգային հանրությանը:

Հյուսիսային Կորեան հայտարարել է այսօր առավոտյան ջրածնային ռումբի աննախադեպ փորձարկման մասին: Երկրի կենտրոնական հեռուստաընկերության եթերում այս տեղեկությունը հրապարակելիս՝ հաղորդավարը հայտարարել է, թե ռումբը փորձակվել է 2016 թվականի հունվարի 6-ին, ժամը 10-ին:

Կեսօրից հետո հաղորդվել է նաև, թե երկրի նախագահ Կիմ Չեն Ինի հրահանգով (ի դեպ՝ վերջինիս ծննդյան տարեդարձից երկու օր առաջ), փորձարկումն անցել է «բացարձակ հաջող»:

«Այս փորձը նշանակում է ԿԺԴՀ-ի ատոմային ուժերի հայտնություն՝ նոր մակարդակով: Ջրածնային ռումբի փորձարկումը աշխարհացունց իրադարձություն է, որը կմտնի ազգերի պատմության մեջ»,- նշված է Հյուսիսային Կորեայի կառավարության հաղորդագրության մեջ: Պաշտոնական Փհենյանը նշում է, թե չի հրաժարվի միջուկային ծրագրից, «քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում է իր ագրեսիան»: ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային կոչ է արել «ենթարկվել պարտավորություններին և հանձնառություններին»:

Նախքան Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությամբ փորձարկման մասին լուրի հրապարակումը, երկրի հյուսիս-արևելքում Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունն արձանագրել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում: Որոշվել է այս կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել:

Փորձարկումը դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկյա Ամանոն` նշելով, որ այն հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին: Անմիջապես իր անհանգստությունն է հայտնել նաև Հարավային Կորեան: Երկրի նախագահ Պակ Կըն Խեն անհրաժեշտ է համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոշտ պատժամիջոցներ գործադրել Փհենյանի նկատմամբ: Ճապոնիայի վարչապետ Սինձե Աբեն «անվտանգության լուրջ խնդիր» է համարել Փհենյանի նախաձեռնությունը և պնդել՝ դա չի կարող որևէ արդարացում ունենալ:

Չինաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Հյուա Չունյունգը հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը «խստորեն դատապարտում է» Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձարկումը: Խոսնակը հայտնել է Չինաստանում Հյուսիսային Կորեայի դեսպանին հրավիրելու և կառավարության համապատասխան վերաբերմունքը փոխանցելու մտադրության մասին:

«Մենք Հյուսիսային Կորեային խստորեն հորդորում ենք հարգել միջուկային զենքից հրաժարվելու պարտավորությունը, դադարեցնել գործողությունները, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակն ու ընդգծել՝ թերակղզում, ինչպես Արևելյան, այնպես էլ Հյուսիսային Ասիայում իրավիճակի կայունությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարց է:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Հյուսիսային Կորեայի քայլով անհանգստացած երկրներին կոչ է արել «առավելագույն զսպվածություն դրսևորել» և չկատարել քայլեր, որոնք «Ասիայի հյուսիս-արևելքում կարող են նպաստել անվերահսկելի լարվածության աճին»:

Ճապոնիան արդեն հատուկ ինքնաթիռի միջոցով հետազոտում է փորձարկման հետևանքները՝ ռադիացիայի վերաբերյալ կասկածները փարատելու նպատակով:

Ատոմային ռումբ փորձարկելու համար 2013 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը դեկտեմբերին հայտարարել էր, որ Փհենյանը ստեղծել է սեփական ջրածնային ռումբը: Միջազգային հանրությունը, մինչդեռ, այդ հայտարարությանը թերահավատորեն էր վերաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG