Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս երկրին չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները, եթե դրանք հակասում են ՌԴ Սահմանադրությանը:
Սա առաջին դեպքն է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած երկիրը որոշում է՝ միջազգային դատարանի որ վճիռը կատարել, որը՝ ոչ:
Համաձայն օրենքի, քննարկելով Ռուսաստանի դեմ մարդու իրավունքների և ազատությունների մասին վճիռները՝ Սահմանադրական դատարանը պետք է առաջնորդվի ռուսական Սահմանադրության գերակայությամբ:
Երեկ հանդիպելով Սահմանադրական դատարանի դատավորների հետ Սահմանադրության օրվա առթիվ՝ Պուտինը նշել էր, որ ՄԻԵԴ-ն վերաբերող այս օրենքը կարևոր է համարում: «Շատ կարևոր է Ռուսաստանի օրենսդրի որոշումը Սահմանադրական դատարանի իրավունքի մասին՝ գնահատել ՄԻԵԴ-ի գործունեությունը ՌԴ-ի և ռուսական օրենսդրության հետ կապված հարցերի մասով: Սա շատ կարևոր է: Մենք գիտենք, որ ոչ մի նոր բան չենք հորինել, մի շարք եվրոպական երկրներ նույն ճանապարհով են գնում», - հայտարարել էր Ռուսաստանի նախագահը:
Համաձայն Եվրոպական դատարանի ամենամյա զեկույցների՝ Ռուսաստանի դեմ վճիռների թիվը տարեցտարի աճում է, միայն 2014 թվականին ՄԻԵԴ-ը Ռուսաստանի դեմ հայցերից 122-ով ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն մեկ խախտում։ Այս ցուցանիշով Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի երկրների շարքում ամենաիրավախախտ պետությունն է:
Իրավապաշտպանների կարծիքով՝ Պետդումայի կողմից նման օրինագիծ ընդունելու հիմնական առիթը ՅՈւԿՕՍ ընկերության վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռին է: ՄԻԵԴ-ն անցյալ տարի վճռել է, որ Ռուսաստանը պարտավոր է 1 միլիարդ 87 միլիոն եվրո վճարել ՅՈւԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն, ով ՌԴ դատարանի կողմից ազատազրկվել էր հարկերից խուսափելու մեղադրանքով և զրկվել ունեցվածքից:
Պաշտոնական Մոսկվան հերքում է, թե Խոդորկովսկու գործը խախտումներով է քննվել, և բազմիցս հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի սահմանած տուգանքը չափազանց մեծ է: