Մատչելիության հղումներ

Սլավոյ Ժիժեկ․ Իրականում ոչ ոք չի պայքարում «Իսլամական պետության» դեմ


Սլավոյ Ժիժեկ
Սլավոյ Ժիժեկ

Որոշ պետություններ և ուժեր ոչ միայն հանդուրժում, այլև օգնում են այդ ահաբեկչական խմբավորմանը, ընդգծում է սլովենացի փիլիսոփան:

«Ահաբեկչության դեմ պատերազմի» մասին հայտարարությունները լուրջ ընդունելու կարիք չկա, քանի որ իրականում ոչ ոք չի պայքարում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ: Այս մասին «Պետք է խոսել Թուրքիայի մասին» վերնագրված հոդվածում գրում է սլովենացի փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը:

«Մենք պետք է խուսափենք, օրինակ, «ահաբեկչությունը չի տապալվի ահաբեկչությամբ, բռնությունը նոր բռնություն է ծնում» ձախ-լիբերալ կոչերից: Ժամանակն է բարձրացնել ոչ այնքան հաճելի հարցը. ինչպե՞ս է «Իսլամական պետության»-ը հաջողվում գոյատևել», - գրում է Ժիժեկը՝ շարունակելով․ - «Ինչպես գիտենք, չնայած ձևականորեն մեղադրելուն և մերժելուն՝ որոշ պետություններ և ուժեր ոչ միայն հանդուրժում են ԻՊ-ն, այլև օգնում են այդ ուժին»:

Ապա նա մանրամասնում է․ - «Վերջերս Սիրիայում ռուսական զորքերի հետ բախումներից հետո «Իսլամական պետության» անթիվ վիրավոր զինյալներ անցնում են Թուրքիա և տեղավորվում զինվորական հոսպիտալներում: Ինչպես [ամերիկացի մարդաբան] Դեյվիդ Գրաբերը վերջերս ասաց, եթե Թուրքիան նույնպիսի շրջափակման ենթարկեր ԻՊ-ի տարածքները, ինչպես արեց Սիրիայում քրդերի տարածքների նկատմամբ, եթե ԻՊ-ի օրինակով Թուրքիան «դրական անտարբերությամբ» վերաբերվեր Քրդական բանվորական կուսակցությանն ու «Ժողովրդական պաշտպանության ուժեր» ջոկատին, ԻՊ-ն վաղուց կործանված կլիներ, իսկ Փարիզի ահաբեկչությունը հավանաբար տեղի չէր ունենա»:

Փոխարենը, ընդգծում է սլովենացի մտածողը, «Թուրքիան ոչ միայն գաղտնի օգնում էր ԻՊ-ին՝ բուժելով նրա վիրավոր զինվորներին և օժանդակելով ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներից նավթի արտահանմանը, այլև դաժանորեն հարձակվում էր քրդական ուժերի վրա, որոնք միակ տեղական ուժերն են, որ իսկապես լրջորեն պայքար են տանում ԻՊ-ի դեմ»:

«Ավելին՝ Թուրքիան նույնիսկ խոցեց ռուսական ինքնաթիռը, որը թիրախավորել էր Սիրիայում ԻՊ-ի տարածքները», - նշում է Ժիժեկը և հավելում․ - «Նման իրավիճակ է նաև Սաուդիան Արաբիայում, որը ԱՄՆ-ի հիմնական գործընկերն է տարածաշրջանում և ողջունում է ԻՊ-ի պայքարը շիաների դեմ: Նույնիսկ Իսրայելն է կասկածելիորեն լռում՝ օպորտունիստական հաշվարկներ կատարելով. ԻՊ-ն պայքարում է իրանամետ շիա ուժերի դեմ, որոնց Իսրայելն իր հիմնական թշնամին է համարում»:

Հոդվածագիրը նաև անդրադառնում է Եվրամիության և Թուրքիայի միջև նոյեմբերին կնքված համաձայնագրին, որով Թուրքիային 3 միլիարդ եվրո դրամական օգնություն է տրվում՝ փախստականների հոսքը Եվրոպա զսպելու «անամոթ նպատակն» իրականացնելու համար:

«Մենք ոչ թե քաղաքակրթությունների բախման հետ գործ ունենք (քրիստոնյա Արևմուտքն ընդդեմ ծայրահեղական իսլամի), այլ բախումների՝ այդ քաղաքակրթություններից յուրաքանչյուրի մեջ. քրիստոնյա տարածքում՝ ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպան ընդդեմ Ռուսաստանի, իսլամական տարածքում՝ սունիներն ընդդեմ շիաների: «Իսլամական պետության» հրեշավոր բնույթը ծառայում է որպես ֆետիշ, որ ծածկում է այս բոլոր կռիվները, որտեղ ամեն կողմ ձևացնում է, թե պայքարում է ԻՊ-ի դեմ, որպեսզի հարված հասցնի իր իսկական թշնամուն», - գրում է Ժիժեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG