Հայաստանի ֆուտբոլի «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժումը ՝ ՖԱՖ-ը, պահանջում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ֆեդերացիայի գործկոմի հրաժարականը: Այս մասին քիչ առաջ հայտարարեցին երկրպագուները ֆեդերացիայի առջև անցկացված բողոքի ակցիայի ժամանակ:
Այսօր ՖԱՖ-ը Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթով շարժվեց դեպի Ֆուտբոլի ֆեդերացիա: Երկրպագուները ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 16-ին երեք հիմնական պահանջներ էին առաջադրել ֆեդերացիային՝ բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին հավաքական չհրավիրելու պրակտիկայի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում:
Երկրպագուները հավաքվել էին Ֆուտբոլի ֆեդերացիայի առջև՝ Խանջյան փողոցում: Քիչ առաջ նրանք ճայթուկներ պայթեցրին փողոցի կենտրոնում, որից հետո ոստիկանները առնվազն 4 երկրպագուների նստեցրին ոստիկանական մեքենա: Մի քանի րոպե անց, սակայն, նրանք ազատ արձակվեցին:
ՖԱՖ-ը հայտարարեց, որ հաջորդ երթը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ նոյեմբերի 28-ին: