Ժամը 12:30-ի դրությամբ պարզվել է, որ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի` ևս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ):
Ըստ նույն աղբյուրի՝ տուժածներից 8 մարդ հանգրվանել է հարազատների տներում, ևս 12 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք՝ տեղի կինոթատրոնի շենք: «Հայաստանի ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հեռախոսով կապ է հաստատվել նրանց հետ, և մեր հայրենակիցները փոխանցել են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է», - ասված է հաղորդագրությունում:
«ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը պարբերական կապ է պահպանում ՌԴ ճգնաժամային կառավարման կենտրոնի և Տուլայի շրջանի ՃԿԿ-ի հետ, նաև աշխատում Ռուսաստանում ՀՀ փոխդեսպան Արթուր Մանասարյանի հետ: Փորձ է արվում կապվել Տուլայի շրջանի բժշկական կենտրոնների հետ, որտեղ գտնվում են պատահարից տուժած մեր հայրենակիցները: Աշխատանքներ են տարվում նաև զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Դեպքի վայր են մեկնել նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները», - փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: