Մատչելիության հղումներ

Ցեղասպանության ժխտումն արգելելու համար` Եվրադատարանը հայերին հրահրում է բռնության


Armenia - Harut Sassounian, Publisher of The California Courier weekly newspaper in U.S., Yerevan,10Oct2012
Armenia - Harut Sassounian, Publisher of The California Courier weekly newspaper in U.S., Yerevan,10Oct2012
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը՝ դատավորների 10 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, հաստատեց թուրք քաղաքական գործչի խոսքի ազատության իրավունքը՝ գտնելով, որ Շվեյցարիայի դատարանները նրան սխալ էին դատապարտել Հայոց ցեղասպանության ժխտման համար:

Մեզ համար ավելի կարևոր է, որ Մեծ պալատը հակադրվեց Ստորին պալատի ՝ 2013 թ. դեկտեմբերի 17-ի անհիմն որոշմանը, որը կասկածի տակ էր առել Հայոց ցեղասպանության վավերականության փաստը: 2015 թ. հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատն ուղղեց այդ իրավասության հարցը, որոշում կայացնելով, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելը` «արդյոք Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն` միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից, որ որևէ իրավասություն չունի իրավական հայտարարություններ անելու այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում»: Սա էր տասը դատավորների կայացրած վճիռը, որոնք քվեարկել էին հօգուտ Փերինչեքի:

Մնացած յոթ դատավորները ոչ միայն չհամաձայնեցին մեծամասնության կայացրած որոշմանը՝ ի նպաստ Փերինչեքի, այլև Հայոց ցեղասպանության հարցում վերահաստատեցին ճշմարտությունը. - «Այն, որ հայ ժողովրդի կոտորածները եւ տեղահանությունները համարվում են ցեղասպանություն, կասկածից վեր է.... Հայոց ցեղասպանությունը հստակորեն ամրագրված պատմական փաստ է: Ժխտել այն՝ նշանակում է ժխտել ակնհայտը: Բայց սա չի վիճարկվում այստեղ: Այս գործը պատմական ճշմարտության կամ 1915 թվականի իրադարձություններին իրավական գնահատական տալու մասին չէ: Իրական խնդիրն այս գործում այն է, թե արդյոք պետությունը, առանց խախտելու իր հայեցողության շրջանակը, կարող է քրեական հանցագործություն համարել ցեղասպանություն վերապրած ժողովրդի հիշողությունը վիրավորելը: Մեր կարծիքով, սա իրոք հնարավոր է», գրել են յոթ դատավորները իրենց տարակարծությունն արտահայտող համատեղ կարծիքի մեջ:

Այնուամենայնիվ, Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են և առողջ դատողության մեջ չեն տեղավորվում: Դատավորների մեծ մասն առաջ քաշեց այն անիմաստ փաստարկը, թե քանի որ Փերինչեքի հայտարարության և 1915 թ. «ողբերգական դեպքերի» միջև 90 տարի է անցել, ապա Շվեյցարիան կարիք չուներ կարգավորելու նրա ելույթը: Ենթադրվում է, թե վաղեմության պատճառով Փերինչեքի ժխտողականությունը հայերի համար դարձել էր նվազ ցավոտ: Ինչպես մատնանշել են տարակարծիք յոթ դատավորները, մեծամասնության դիրքորոշումը խախտում է «այն սկզբունքը, որ վաղեմության ժամկետ չի կիրառվում պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ»:

Դատավորների մեծամասնությունը նաև առաջ քաշեց մի կասկածելի փաստարկ, որպեսզի արդարացնի, թե ինչու է Հոլոքոսթի ժխտումը հանցանք, որի համար պատժելը ազատ արտահայտվելու իրավունքի խախտում չէ: Նրանք համարում են, որ Հոլոքոսթի ժխտումը «հակաժողովրդավարական գաղափարախոսություն» և «հակասեմիտիզմ» է, մինչդեռ պնդում են, որ Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը «հայերի և թուրքերի միջև լուրջ բախումների» չի հանգեցրել Շվեյցարիայում: Բացի այդ, պնդել են, որ ուղիղ կապ կա Հոլոքոսթի ժխտման և շատ եվրոպական «պետությունների միջև, որոնք իրենց վրա են զգացել նացիստական սարսափները», սակայն համանման կապ չեն գտել Շվեյցարիայի և Հայոց ցեղասպանության միջև:

Դատավորների նախորդ փաստարկներում առկա են մի քանի խնդիրներ.

- Որևէ ցեղասպանության հերքման գործում չպետք է լինի երկակի ստանդարտ: Եթե Հոլոքոսթի ժխտումը հանցագործություն է, ապա այդպես պետք է համարվի նաև մյուս ցեղասպանությունների ժխտման դեպքում: Արտոնյալ վերաբերմունքը որոշ ցեղասպանությունների զոհերի, սակայն ոչ բոլորի հանդեպ, ամոթալի խայտառակություն է: Որպես Միացյալ Նահանգներում հրապարակվող թերթի խմբագիր, ես բնականաբար խոսքի ազատության խիստ պաշտպանվածության ամերիկյան մոտեցման ջատագովն եմ, քան ավելի սահմանափակող եվրոպական սկզբունքի: Սակայն, անկախ նրանից, թե որ իրավական համակարգին ենք հետևում, ցեղասպանության զոհերի միջև խտրականությունն անընդունելի է:

- Դատավորների մեծամասնությունը բազմիցս նշել են, թե քանի որ Փերինչեքի ժխտումը չի հանգեցրել հասարակական անկարգությունների հայկական համայնքի կողմից, ապա շվեյցարական դատարանները չպետք է դատապարտեին նրան: Սարսափելի է, որ նման վտանգավոր հայտարարություն անելով՝ Մեծ պալատը, ըստ էության, հրահրում է հայերին դիմելու բռնության՝ բավարարելու համար դատարանի պահանջը, որ Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է քրեականացվել միայն այն դեպքում, եթե դրան հաջորդեն որոշակի բռնարարքներ: Քանի որ Շվեյցարիայի հայերը գործել են քաղաքակիրթ ձևով, ոստիկանություն դիմելով և հայց ներկայացնելով՝ Փերինչեքի նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու փոխարեն, այժմ նրանց ասում են, որ իրենց օրինական պահանջը անվավեր է, քանի որ հասարակական կարգը չեն խախտել․․․

- Պատմական սխալ է պնդել, որ Շցեյցարիայի և Հայոց ցեղասպանության միջև կապ գոյություն չունի: 1890 թ. ավելի քան 400 հազար շվեյցարացիներ միջնորդագիր էին ստորագրել համիդյան ջարդերի դեմ բողոքելու համար: Շվեյցարացի միսիոներներն անթիվ հայ որբերի են փրկել Ցեղասպանության ժամանակ և նրանց ապաստան տվել Շվեյցարիայում:

Բարեբախտաբար, Մեծ պալատը չպահանջեց, որ Շվեյցարիան փոխի ցեղասպանության ժխտման մասին իր օրենքները, նկատի ունենալով, որ այս օրենքը պարզապես սխալ է կիրառվել Փերինչեքի պարագայում: Հետևաբար, Հունաստանը, Կիպրոսը և Սլովակիան կարիք չունեն փոխելու Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման մասին իրենց օրենքները:

Ուրախալի է նաև, որ դատարանը մերժեց Փերինչեքի՝ 135 հազար եվրոյի վնասի և դատական ծախսերի փոխհատուցման պահանջը:

Պետք է բարձր գնահատել միջազգային փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնի և Ամալ Քլունիի, ինչպես նաև Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի բացառիկ ջանքերը դատարանում Հայաստանը ներկայացնելիս և Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը պաշտպանելիս:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG