ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովն այսօր հայտարարել է, որ ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զեպ Բլատերի, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահ Միշել Պլատինիի և ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջերոմ Վալցկեյի լիազորություններն 90 օրով կասեցված են:
ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Չունգ Մոնգ Ջունի լիազորություններն արգելափակվել են 6 տարով: Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի, որոշման ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը 45 օրով:
Էթիկայի հանձնաժողովը որոշումը կայացրել է մի քանի ամիս տևած հետաքննության արդյունքների հիման վրա: Բլատերին այդ ընթացքում պետք է փոխարինի Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավար Իսսա Հայաթոուն, իսկ իսպանացի Անգել Մարիան պետք է Պլատինիի փոխարեն ստանձնի ՈՒԵՖԱ-ի ղեկավարի պարտականությունները:
Բլատերը նախատեսում էր պահպանել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները մինչև կազմակերպության նախագահի 2016թ․ փետրվարի 26-ին նշանակված ընտրությունները: «Բլատերը հանգիստ է, մի մոռացեք, որ ամեն դեպքում նա է էթիկայի հանձնաժողովի հիմնադիրը»,- մինչ հանձնաժողովի նիստի ավարտը BBC-ին ասել է Բլատերի օգնական Կլաուս Ստոլքերը:
79-ամյա Բլատերն, ըստ փաստաբանի, «հիասթափված» է էթիկայի հանձնժողովի որոշումից և պնդում է, թե հանձնաժողովը չի գործել կանոնների համաձայն, իրեն հնարավորություն չեն տվել, որ հարցի առնչությամբ դիրքորոշում ներկայացնի:
Շվեցարիայի դատախազությունը սեպտեմբերի 24-ին Զեպ Բլատերի նկատմամբ քրեական գործ է հարուցել: Նա կասկածվում է ՖԻՖԱ-ի ֆոնդից Միշել Պլատինիին ապօրինի կերպով 2 մլն շվեյցարական ֆրանկ վճարելու մեջ: Պլատինին բացատրություն է տվել և նշել, թե այդ գումարը ստացել է՝ համաձայն պայմանագրի: Գումարի փոխանցումն արվել է 2011 թվականին, երբ Պլատինին Բլատերի մրցակիցն էր:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ի գործող նախագահը լրագրողների հետ զրույցում զարմանք էր հայտնել՝ «ինչի՞ համար պետք է ինքը ձերբակալվի»:
Միշել Պլատինին, ով ի պաշտոնե նաև ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահն է, ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրություն էր հայտնել անցած հուլիսի վերջին՝ այդ մասին տեղյակ պահելով ՖԻՖԱ-ի անդամ հանդիսացող 209 երկրների ազգային կազմակերպություններին:
Ֆուտբոլային կոռուպցիոն սկանդալին հաջորդած ընտրություններին Բլատերի և Պլատինիի մասնակցության հնարավորությունները սպառված չեն: Այդ մասին, «Ֆրանս Պրես»-ի փոխանցմամբ, ասել է ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի խոսնակ Անդրեաս Բանտելը, հավելելով, որ հարցին ավելի հստակ կարող է պատասխանել ՖԻՖԱ-ի ընտրական հանձնաժողովը՝ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին ընդառաջ, Բլատերի դեմ ավելի քան 100 մլն դոլարի դատական հայց ներկայացնելու մասին է հայտարարել ՖԻՖԱ-ի ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող Չունգ Մոնգ Ջունը: Միլիոնատեր գործարարի մտադրությունները՝ կապված ՖԻՖԱ-ն բարեփոխելու հետ, հայտնի են: «Եթե ես ընտրվեմ, կծառայեմ ընդամենը մեկ ժամկետով՝ 4 տարի: Ես կարող եմ փոխել ՖԻՖԱ-ն 4 տարում»,- ասել է նա: