Մատչելիության հղումներ

Լրագրողների և ակտիվիստների նկատմամբ բռնության գործով «առաջընթաց չկա»


Հունիսի 23-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկված լրագրողներից մեկը
Հունիսի 23-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկված լրագրողներից մեկը

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 237 լրագրողներից ու ակտվիստներից տուժող են ճանաչվել միայն 21-ը, «Ազատությանը» փոխանցեցին հատուկ քննչական ծառայությունից:

Էլեկտրաեներգիայի թանկացման դեմ ցույցից բռնի ուժով ոստիկանություն տարված Միհր Ավագյանը տուժող է ճանաչվել դեպքերից մոտ 1.5 ամիս անց:

«Երեք ամիս է նույնիսկ վկաները հարցաննության չեն կանչվել, դատաբժշկական փորձաքննությունն են ձգձգում, արդեն վնասվածքները չկարողացան արձանագրել, գրել են, որ էս պահին վնասվածքներ չունեմ, իսկ թե նախկինում ինչ է եղել՝ չգիտեն»:

Ցուցարարի խոսքով, նույն օրը իր հետ ոստիկանություն տարված տասնյակ ակտիվիստներ մինչ օրս նույնիսկ չեն հարցաքննվել: «Ոչ թալանին» նախաձեռնության առաջնորդներից Մաքսիմ Սարգսյանը, օրինակ, հարցաքննության է կանչվել սեպտեմբերի 15-ին՝ գործի հարուցումից 2.5 ամիս հետո:

Չի կարողացել ներկայանալ, քննիչը խոստացել է ավելի ուշ զանգահարել, սակայն մինչ օրս չի կանչել: Ակտիվիստը թերահավատ է, թե իրավապահներն իսկապես ցանկանում են բռնությունների դեպքերը բացահայտել և մեղավորներին պատժել:

«Խիստ կասկածում եմ, քանի որ տեսնելով հենց ընկերոջս հանդեպ կատարվող գործողությունները, քաշքշուկները, անգամ զզվում ես, ու էլ չես էլ ցանկանում որևէ գործընթացի մեջ գնալ, անլուրջ մոտեցում է»,- ասում Սարգսյանը:

Աառայժմ հայտնի չէ նաև՝ մոտ երեք ամիս քննվող այս գործում կա՞ն արդյոք մեղադրյալներ ու կասկածյալներ: Մինչև վերջերս 237 հոգուն առնչվող գործով ընդամենը մեկ քննիչ էր զբաղվում: Մոտ մեկ շաբաթ առաջ գլխավոր դատախազը հանձնարարեց նոր քննիչներ ներգրավել: Ակտիվիստները, սակայն, այդ որոշումն ուշացած են համարում:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով էլ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածին իրավապահների արձագանքը համարժեք չէր: Ալեքսանայնի խոսքով, բազմաթիվ տեսանյութեր կան, որոնք վկայում են պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու մասին: «Դրանց ուսումնասիրությունը միայն բավարար էր մեղավորներին գտնելու համար»,- ասում է նա:

«Իրենք բավարարվելու են ոստիկաններին կարգապահական տույժի ենթարկելով և ոչ մի առաջընթաց ես չեն տեսնում»,- համոզված է Ալեքսանյանը:

Միջադեպից հետո ոստիկանապետի հրամանով կարգապահական տույժի ենթարկվեցին տասներկու ոստիկաններ, սակայն, մինչ օրս պարզ չէ` արդյո՞ք նրանք ներգրավված են գործում և ինչ կարգավիճակով են պատասխանատվության ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG