Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետի որդու «գործողություններում հանցակազմ չի եղել»


Ոստիկանները դատարան են ուղեկցում Տիգրան Խաչատրյանին, 27-ը հուլիսի, 2015թ.
Ոստիկանները դատարան են ուղեկցում Տիգրան Խաչատրյանին, 27-ը հուլիսի, 2015թ.

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու կալանավորումը վերացվել է հանցակազմի բացակայության հիմքով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, պաշտպանական կողմը համոզված է, որ 20-ամյա երիտասարդը երկու ամիս անհիմն կալանքի տակ է եղել, խախտվել են նրա իրավունքները։

Գլխավոր դատախազությունը երեկ բավարարեց «Սդղի գյոլի» տարածքում Հարություն Զաքարյանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու և աչքի տեսողությունից զրկելու մեղադրանքով կալանավորված Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու՝ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Նախաքննական մարմինը հիմնավորել էր, որ չի հաստատվել մեղադրանքը, ծեծկռտուքի գործով ի սկզբանե կալանավորվածներից Յուրա Մանուչարյանը խոստովանել է, որ ինքն է Հարությունի աչքին խփել, տուժողն էլ հաստատել է, ուստի մարզպետի որդուն կալանավայրում պահելու անհրաժեշտություն այլևս չկա։

«Ի՞նչ է արել մարդը: Եթե կռիվ է լինում, մարդը բաժանում է, դրա համար պիտի քրեական հետապնդո՞ւմ սկսեն անձի նկատմամբ», - հարցնում է Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ ներկայացնելով ծեծկռտուքի իր վարկածը․ - «Ինչի՞ց է սկսվել ամեն ինչ․ Յուրի Մանուչարյանը մեքենայով անցել է, Զաքարյան եղբայրները այնտեղ կանգնած են եղել: Ազդանշան է տվել, որը դուր չի եկել եղբայրներին և երկու եղբայրներով ծեծի են ենթարկել Յուրի Մանուչարյանին, և կան մարմնական վնասվածքներ: Հետո Դերենիկ Հակոբյանն է եկել, որ բաժանի՝ Դերենիկին էլ են խփել: Ի՞նչ է, Զաքարյան եղբայրները լիցենզիա՞ ունեին մարդկանց ծեծելու: Որոշում են, գալիս են ասում են՝ Տիգրան Խաչատրյանն է: Հետո որոշում են ճիշտն ասել, նոր գալիս ասում են: Բայց արդյունքում երկու ամսից ավելի 20 տարեկան տղան կալանքի տակ է գտնվում: Միանշանակ անհիմն է: Այ սրա մասին է պետք խոսել»:

«Ազատության» ճշտող հարցին՝ պատրաստվո՞ւմ են բողոքարկել կամ դիմել Եվրադատարան, փաստաբանը պատասխանեց․ - «Ինչի՞ համար, պիտի սպառես, որ այստեղ չկարողանան լուծել այդ խնդիրները, նոր դիմես Եվրադատարան»:

Զաքարյանների հայրը հերքում է Խաչատրյանների պաշտպանի պնդումները, նշելով, որ իր երկու որդիներն են դաժան ծեծի ենթարկվել մահակներով, ոտքերով ու մետաղական գործիքներով, ինչի հետևանքով Հարությունի աչքը կուրացել է։ Իսկ ծեծկռտուքը սկսվել է ճանապարհին Տիգրան Խաչատրյանի հետ վիճաբանությունից հետո։ Գագիկ Զաքարյանը, ով երեկ հայտարարում էր, որ եթե որդու աչքին խփել է Յուրա Մանուչարյանը, միևնույնն է, մարզպետի որդին պետք է ծեծկռտուքը հրահրելու համար պատասխանատվության ենթարկվի, այսօր անակնկալի եկավ Տիգրան Խաչատրյանի գործողություններում հանցակազմ չգտնելու մասին լուրից. - «Ինքը կազմակերպիչն է եղել, ո՞նց կարող է հանցակազմ չունենա: Ո՞նց կարող է ինքը դուրս պրծնի, դա արդեն մեծ սկանդալ կլինի: Չէ, ինձ բավարարում է արդարությունը, ինձ ուրիշ բան չի բավարարում»:

Տեղեկացանք, որ առայժմ Տիգրան Խաչատրյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրված չէ։

XS
SM
MD
LG