Միայն 2016 թվականից հետո պարզ կլինի՝ արդյոք Մեծամորի ատոմակայանը հնարավո՞ր է նորոգել՝ երկարաձգելով գործունեությունը ևս տասը տարով, թե՞ անհրաժեշտ է նորը կառուցել:
Այսօր այս մասին հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ մանրամասնելով, որ այժմ ստուգվում է ռեակտորի մետաղի որակը, փորձաքննությունը կավարտվի հաջորդ տարի, և եթե պարզվի, որ այն պիտանի չէ հետագա շահագործման, անմիջապես նորոգման աշխատանքները կդադարեցվեն, ինչը կհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացման:
«Ուրեմն ատոմակայանը կփակենք, մինչև նոր հզորություններ ունենանք, սակագինը միանգամից կբարձրանա։ Մենք արդեն ծրագրում ենք նոր ատոմակայանի կառուցումը»,- ասաց փոխնախարարը։
Միաժամանակ Գալստյանը ընդգծեց՝ համոզված է, որ ռեակտորի որակը պիտանի կլինի ԱԷԿ-ի հետագա շահագործման համար, սակայն համոզմունքը քիչ է, ու, բնականաբար, սպասում են փորձաքննության արդյունքներին:
Փոխնախարարը տեղեկացրեց՝ կառավարությունը նոր ատոմակայանի կառուցման երկու տարբերակ ունի՝ գործողից մի քանի անգամ հզոր՝ 1060 ՄՎտ հզորության մեկ ռեակտորով կամ 1200 ՄՎտ ընդհանուր հզորության երկու ռեակտորով: Ընդ որում, եթե ընտրությունը կանգ առնի երկրորդ տարբերակի վրա, նախ կկառուցվի 600 ՄՎտ հզորություն ունեցող առաջին ռեակտորը, և միայն 2036 թվականին կավելացվի նույն հզորությունն ունեցող երկրորդը:
1060 ՄՎտ-ոց ԱԷԿ-ը կարժենա մոտ 5.5 միլիարդ դոլար, բայց այդ գումարը Հայաստանի կառավարությունը չունի: Ըստ փոխնախարարի, իշխանությունը քննարկում է միայն ներդրողներ գտնելու տարբերակը, որոնք կա՛մ գումարի, կա՛մ սարքավորումների տեսքով կմասնակցեն նոր ԱԷԿ-ի կառուցմանը՝ հետագայում դառնալով բաժնետեր:
«Մենք չենք դիտարկում վարկային ռեսուրսների ներգրավումը, որովհետև ծրագիրը շատ թանկարժեք, կապիտալ ծախսերը՝ բավականին մեծ են, մենք չունենք հնարավորություն, եթե նույնիսկ մեզ կտան վարկային ռեսուրսներ, մենք վարկային լիմիտներ ունենք, ավելի հրատապ սոցիալական հարցեր ունենք, երկաթգիծը... Ես կարծում եմ, որ դա երկրի ազգային անվտանգության խնդիր է, չնայած սա էլ ազգային անվտանգության ծրագրերի ցանկում է, համար երկուսն է»,- ասաց Գալստյանը։
Փետրվարին Ռուսաստանը 270 միլիոն դոլար վարկ ու 30 միլիոն դոլար դրամաշնորհ տրամադրեց Հայաստանին՝ ԱԷԿ-ի վերանորոգման համար: