Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը պետք է ընթանա ոչ թե խորհրդարանի պատերի ներսում, այլ հրապարակներում ու փողոցներում։
«Այնտե՛ղ մենք պետք է ցուցադրենք մեր ուժը, կամքը և միասնությունը, և ոչ թե խորհրդարանի պատերի ներքո։ Դրանից հետո խորհրդարանի պատերի ներքո արդեն կդրսևորվի այդ ուժի, այսպես ասենք, նաև ազդեցությունը, որը կհանգեցնի նրան, որ ամբողջ այդ գործընթացը ոչ միայն կտապալվի, այլ մենք կհասնենք այն նպատակին, որի արդյունքը պետք է լինի ամբողջական իշխանափոխություն, ամբողջական համակարգային փոփոխություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ներկա դրությամբ «Սերժ Սարգսյանն ու իր խմբի անդամները սա ներկայացնում են որպես սովորական օրենսդրական փոփոխություն, որը իբրև թե պետք է բարեփոխի Սահմանադրությունը և կապ չունի Սահմանադրության բարեփոխման հետևանքով ձևավորված նոր իշխանության հետ»։ Մինչդեռ, ըստ Փոստանջյանի, «սա Սերժ Սարգսյանի ու նրա թիմի վերարտադրության, այսինքն՝ քաղաքական մենաշնորհի վերարտադրության հայտ է»։
«Սա Սերժ Սարգսյանի կյանքի երկարաձգումն է։ Մենք ոչ միայն չպետք է թույլ տանք, որ երկարաձգվի իր կյանքը, այլ դեռ պետք է մենք ընդհատենք, այսինքն՝ այս իշխանությունների կյանքը պետք է այսպիսի գործընթացով, որը իրենք են նախաձեռնել, մենք ընդհատենք», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։