Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ին կոգեկոչի բոլոր ցեղասպանությունների զոհերին


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Սեպտեմբերի 11-ին, երկար տարիների դիվանագիտական համառ ջանքերից հետո, Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց հասնել բոլոր ցեղասպանությունների վերաբերյալ ընդհանուր բանաձևի միաձայն ընդունմանը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից:

Հայաստանի և համահեղինակ 83 այլ պետությունների կողմից ներկայացված բանաձևը դեկտեմբերի 9-ը հռչակում է «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Այդ օրն ընտրվեց, քանի որ դեկտեմբերի 9-ը 1948 թվականին Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրն է:

Այսուհետ յուրաքանչյուր դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ոգեկոչելու է բոլոր ցեղասպանությունների զոհերին և հարգելու է նրանց հիշատակը: Չնայած բանաձևը չի նշում որևէ կոնկրետ ցեղասպանություն՝ հայերից է կախված երաշխավորելը, որ իրենց ցեղասպանությունը ընդգրկված լինի ՄԱԿ-ի այդ օրվա պաշտոնական հիշատակություններում: Ոչ ոք չի զարմանա, եթե թուրքական կառավարությունը փորձի խափանել նման հայկական ջանքերը․․․

Զավեշտալի է, որ Թուրքիան ցեղասպանության բանաձևի համահեղինակներից մեկն էր, հավանաբար վախենալով, որ ընդդիմանալը կբացահայտեր նրա արմատացած մտատանջությունը ցեղասպանության թեմայի վերաբերյալ: Հետևաբար, թուրք պաշտոնյաները իրենց այնպես պահեցին, կարծես թե այս բանաձևը կապ չունի հայերի, ասորիների, հույների և քրդերի դեմ իրենց երկրի անցյալի և ներկայի ցեղասպանական ոճիրների հետ․․․

Այս բանաձևի համահեղինակ 84 պետությունների շարքում էին Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ճապոնիան և Իրանը: Հետաքրքիր է, որ Ադրբեջանը և Ռուանդան հեղինակակից չեղան դրան: Ադրբեջանը չցանկացավ աջակցել Հայաստանի կողմից առաջարկված որևէ բանաձևի: Մյուս կողմից, Ռուանդան բանաձևն ավելորդ համարեց, քանի որ ապրիլի 7-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված է Ռուանդայում ցեղասպանության հիշատակի միջազգային օր: Ի տարբերություն Ռուանդայի՝ Իսրայելը այս բանաձևի համահեղինակ է, չնայած ՄԱԿ-ը հունվարի 27-ն արդեն հաստատել է որպես Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օր:

«Պատասխանատվություն պաշտպանության համար համաշխարհային կենտրոնը» (The Global Centre for the Responsibility to Protect) անցյալ ուրբաթ հանդես եկավ հայտարարությամբ՝ բարձր գնահատելով ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը և թվարկելով «նախորդ դարի ամենասոսկալի ոճիրների կարևոր տարելիցները», ներառյալ «Հայոց ցեղասպանության 100-ամյակը, Օսվենցիմի ազատագրման 70-ամյակը, Կամբոջայում «Կարմիր կխմերների» սպանդի 40-ամյակը և Ռուանդայի, Սրեբրենիցայի, Բոսնիա և Հերցեգովինայի ցեղասպանությունների 20-ամյակը»:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը առաջարկվող բանաձևը սեպտեմբերի 11-ին Գլխավոր ասամբլեայում ներկայացնելիս խոսեց իր «պարտքի զգացման» մասին: Հարգանքի տուրք մատուցելով Ռաֆայել Լեմկինին, ով ստեղծել է ցեղասպանություն եզրը, դեսպանն ասաց. - «Միջազգային օրը կվերականգնի անցյալում անտարբերության մատնված զոհերի արժանապատվությունը: Միլիոնավոր մարդկանց կյանքի անձեռնմխելիության ժխտումը ծայրագույն անարդարություն է: Ժխտողականությունը խոցում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին: Մենք խոսում ենք փորձից ելնելով»:

Ցեղասպանության մեկ այլ շրջադարձային տարեթիվ, որ մոռացության է մատնվել միջազգային հանրության և հայ ժողովրդի կողմից, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից ընդունված զեկույցի 30-ամյակն է: «Վերանայված և նորացված զեկույց ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման հարցի վերաբերյալ» խորագիրը կրող պատմական փաստաթուղթը մշակվել էր բրիտանացի զեկուցող Բենջամին Ուայթեյքերի կողմից: Հատկանշական է, որ դեսպան Մնացականյանը ցեղասպանության բանաձևը ՄԱԿ-ին ներկայացնելիս իր ելույթում երկու անգամ անդրադարձ կատարեց այս զեկույցին:

Ուայթեյքերն իր զեկույցի 24-րդ պարբերությունում մեջբերել է 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանությունների մի քանի դեպքեր, հատուկ տեղ հատկացնելով Հայոց ցեղասպանությանը: Բացի այդ, 13-րդ տողատակում Ուայթեյքերն ավելացրել է. - «Անկախ հեղինակությունների և ականատեսների ստույգ գնահատմամբ, առնվազն 1 միլիոն մարդ, և հնարավոր է՝ հայ բնակչության կեսից ավելին, համարվում է սպանված կամ մահվան երթի դատապարտված: Սա հիմնավորված է Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում ժամանակակից դիվանագետների, ներառյալ դաշնակից Գերմանիայի արխիվներում գտնվող զեկույցներում: Գերմանիայի դեսպան Վանգենհայմը, օրինակ, 1915 թվականի հուլիսի 7-ին գրել է. - «[Թուրքական] կառավարությունը իրոք նպատակ է հետապնդում բնաջնջել հայ ցեղը Օսմանյան կայսրությունում» (Վանգենհայմի արխիվ)»:

Ցավոք, Ուայթեյքերն անցյալ տարի մահացավ: Սակայն ողջ են ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի մյուս երեք նախկին անդամները՝ Էրիկա Դայեսը (հույն), Լեանդրո Դեսփույսը (արգենտինացի) և Լուի Ժուանեն (ֆրանսիացի), որոնք Ուայթեյքերի զեկույցում Հայոց ցեղասպանության հիշատակման անխոնջ ջատագովներ էին, որը ենթահանձնաժողովն ընդունեց 1985 թվականի օգոստոսի 29-ին ձայների 14 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ: 2015 թվականի դեկտեմբերի 9-ին մարդու իրավունքների երեք պաշտպաններին պետք է հրավիրել ՄԱԿ՝ նշելու Ուայթեյքերի զեկույցի 30-ամյակը և ճանաչելու նրա եզակի ավանդը ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման գործում․․․

Դեսպան Մնացականյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և կառավարությունը արժանի են հատուկ գնահատանքի՝ ցեղասպանության կանխարգելման հարցում ՄԱԿ-ում իրենց արդյունավետ դերակատարության համար:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG