Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը մտահոգություն է հայտնում Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ


Միացյալ Նահանգների Պետքարտուղարության շենքը
Միացյալ Նահանգների Պետքարտուղարության շենքը

Երեկ տարածած հայտարարությամբ Միացյալ Նահանգները, դատապարտելով քաղաքացիական անձանց դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողություն, կողմերին կոչ է արել անմիջապես դադարեցնել բռնությունները:

«Մենք հավաստի տեղեկություններ ենք ստացել, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը ականանետեր և ծանր սպառազինություն են կիրառել միջազգային սահմանի երկայնքով, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել և գյուղեր են վնասվել», - ասվում է հայտարարությունում:

Օգոստոսի վերջին օրերից սկսած՝ հայ - ադրբեջանական սահմանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը կտրուկ սրվել է՝ հանգեցնելով երկու կողմից տասնյակ զոհերի:

Ադրբեջանական կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում հայկական կողմը կորուստներ է ունեցել թե՛ ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում, թե՛ հայ - ադրբեջանական սահմանին։

Պաշտոնական Վաշինգտոնը, կոչ անելով զերծ մնալ ցանկացած բռնությունից, կողմերին հիշեցրել է, որ երկու երկրները պարտավորվել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը փնտրել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում․ - «Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել նման բռնությունը, պակասեցնել իրավիճակի սրումն ու կտրականապես կոչ ենք անում խուսափել զոհերից քաղաքացիական անձանց շրջանում»:

Պետդեպարտամենտի մամլո խոսնակը Ջոն Քըրբին Վաշինգտոնում երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում առաջիկա կիրակի անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին․ - «Հակամարտության բազմակողմանի կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք սեփական ապագան որոշելու գործում Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն: Եվ մենք չենք ճանաչի սեպտեմբերի 13-ի այսպես կոչված ընտրությունների ազդեցությունը շրջանի իրավական կարգավիճակի վրա»:

Նրա խոսքով՝ «այսպես կոչված ընտրությունները» որևէ կերպ չեն կանխորոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների արդյունքները:

Ի դեպ, հակամարտության գոտում խաղաղություն հաստատելու շուրջ իր մտորումները թվիթերյան իր էջում հրապարակել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ամերիկացի դիվանագետը, տեղադրելով Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի լուսանկարը, գրել է․ - «Աբրահամ Լինքոլնը մեզ պատերազմից տարավ դեպի խաղաղություն` վեր կանգնելով քաղաքականությունից և նոր էջ բացելով մեր պատմության մեջ։ Արդյոք Հայաստանում կամ Ադրբեջանում կա՞ Աբրահամ Լինքոլնի նման խիզախ մեկը, որը պատրաստ է խաղաղություն եւ հաշտություն բերել: Արդյոք տարածաշրջանում կա՞ն մարդիկ, որոնք պատրաստ են ապրել կողք-կողքի` խաղաղ, անվտանգ և բարգավաճող միջավայրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG