Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ճանաչում է Ղարաբաղի բնակչության դերը, սակայն չի ճանաչի առաջիկա ընտրությունները


Միացյալ Նահանգները ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն չի ճանաչի Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ընտրությունները, հինգշաբթի օրն անցկացված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին:

«Հակամարտության բազմակողմանի կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք սեփական ապագան որոշելու գործում Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն: Եվ մենք չենք ճանաչի սեպտեմբերի 13-ի այսպես կոչված ընտրությունների ազդեցությունը շրջանի իրավական կարգավիճակի վրա», - ասաց Քըրբին:

Նրա խոսքով՝ «այսպես կոչված ընտրությունները» որևէ կերպ չեն կանխորոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների արդյունքները:

Ավելի վաղ տարածած մամլո հաղորդագրության մեջ Պետդեպարտամենտը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ բռնությունից:

Միացյալ Նահանգները դատապարտում է քաղաքացիական անձանց դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողություն և կոչ անում անմիջապես դադարեցնել բռնությունները:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքն սոցիալական ցանցերում հարց է տվել՝ արդյոք Հայաստանում և Ադրբեջանում կգտնվի՞ Աբրահամ Լինքոլնի նման անձ, որը խաղաղություն և հաշտություն կբերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG