Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հաղորդում է, որ «Ո՛չ»-ի ճակատի սեպտեմբերի 12-ի համաժողովը տեղի կունենա Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) գրասենյակում։
Նախաձեռնությունը նշում է, որ համաժողովը բաց է բոլորի համար։ «Համաժողովին մասնակցելու են քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ընդունվելու է «Ո՛չ»-ի ճակատի միասնական հայտարարությունը», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ «Չե՛ք անցկացնի»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ մայրաքաղաքի հյուրանոցները հրաժարվում են իրենց տարածք տրամադրել միասնական համաժողովի համար: Նրանց պնդմամբ՝ «հատուկ» հրահանգ է իջեցվել, որ իրենց դահլիճ չտրամադրեն։ «Ավելի քան 10 հյուրանոցների ու բիզնես կենտրոնների ենք դիմել: Դեպք է եղել նաև, երբ պարզապես ասել են, որ մերժման պատճառը ծրագրվող քաղաքական միջոցառումն է», - «Ազատությանը» ասել էր նախաձեռնության անդամներից Հրայր Մանուկյանը։