Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ օգոստոսի 28-ին ժամը 01.40-ի սահմաններում Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել», - ասված է հաղորդագրությունում։
Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը նաև հաղորդում է, որ բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդը` օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում արձակել է 2 հազարից ավելի կրակոց, այդ թվում` 35 կրակոց` 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է հաղորդագրությունում: