Մատչելիության հղումներ

Զուրաբյան. ՀԱԿ-ի հանդիպումը Սարգսյանի հետ իմաստ կունենար, եթե այն լուսաբանվեր ուղիղ եթերով


Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 26-ը օգոստոսի, 2015թ
Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 26-ը օգոստոսի, 2015թ

ԱԺ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարն ասում է, որ այդպիսի հանդիպմանը ՀԱԿ-ը հանգիստ կարող էր գնալ։

Սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների առաջին փուլի ժամանակ Սերժ Սարգսյանը Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) չհրավիրեց հանդիպման, փոխարենը, քաղաքական խոհրդակցությունների երկրորդ փուլին նախագահը ցանկություն հայտնեց առաջինը հանդիպել հենց ՀԱԿ-ի հետ։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ փոխվեց այս անգամ, որ նախագահը ՀԱԿ-ին հրավիրեց հանդիպման, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պատասխանեց. - «Դժվար է ասել, թե նրանց գլուխներում ինչ է կատարվում, և ինչն է ազդում իրենց որոշումների վրա։ Կարծում եմ, մի քիչ հոգեբանական նաև խնդիրներ կան. այն ժամանակ շատ ավելի թունավորված էր մեր գործունեության պատճառով, դրա համար մեծահոգություն չդրսևորեց, այս անգամ ցանկացան ավելի մեծահոգի թվալ, մի՞գուցե նաև կոնկրետ նպատակ կա՝ ներկայացնելու նույն Վենետիկի հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդին, միջազգային հանրությանը, որ բոլոր քաղաքական ուժերի հետ նրանք համագործակցության մեջ են։ Չեմ բացառում, որ ուղղակի նպատակ ունեին վարկաբեկելու նաև կոնգրեսին, որովհետև, ցավոք սրտի, արդեն մի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, որ Սերժ Սարգսյանի հետ ուղղակի դիալոգի մեջ մտնելն արդեն ինքնին վարկաբեկիչ փաստ է։ Ամեն դեպքում, շատ դժվար է ասել, թե ինչն էր շարժառիթը, որ անցյալ անգամ չէին հրավիրել, այս անգամ հրավիրել են»։

Հիշեցնենք, Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումները քննարկելու նպատակով իրեն է զանգահարել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանի անունից փոխանցել առաջարկություն՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ կոնսուլտացիաների շարքը, սկսել հենց Հայ ազգային կոնգրեսով։ Զուրաբյանը պատասխանել էր. - «Մենք շատ լավ հասկանում ենք սահմանադրական այս ամբողջ գործընթացի նպատակը: Այդ նպատակը մենք համարում ենք անընդունելի և դրա մասին մեր հանրային դիրքորոշումը հայտնել ենք։ Եվ մենք վստահ ենք, որ որևէ խոսակցություն այդ առումով իմաստ չունի, քանի որ այդ նպատակը միևնույն է չի փոխվելու»։

«Ազատության» հետ զրույցում Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ իմաստ կունենար, եթե այդ հանդիպումը լուսաբանվեր ուղիղ եթերով։ Ըստ Զուրաբյանի, այդ դեպքում հետաքրքիր կլիներ, որ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ ՀԱԿ-ը ուղիղ եթերում ժողովրդին ներկայացնեին իրենց փաստարկները։

«Խնդրեմ, այդպիսի հանդիպմանը հանգիստ կարող էինք գնալ։ Շատ լավ կլինի, որ ժողովուրդը տեսնի, թե Սերժ Սարգսյանն ինչ է ասում, և ինչ է ասում Հայ ազգային կոնգրեսը։ Որովհետև մենք ժողովրդից որևէ գաղտնիք չունենք և մենք, հակառակը, շահագրգռված ենք, որ ժողովուրդը ինչքան հնարավոր է ավելի շատ իմանա մեր դիրքորոշումների մասին։ Խնդրեմ, ժողովրդավարական հասարակության մեջ պետք է նաև այլ դիրքորոշումները հնչեն, թող Սերժ Սարգսյանն ուղիղ եթերում փորձի ցույց տալ իր արգումենտների հզորությունը, և տեսնենք, թե հանրությունը ում դիրքորոշումն ավելի լավ կընդունի, դա նորմալ է, բայց դրանից դուրս որևէ բան, իմաստ չունի. այդ խոսակցությունը ոչինչ չի կարող փոխել, իսկ ժողովուրդն էլ ոչինչ չի կարող իմանալ այդ խոսակցության մասին», - ասաց Զուրաբյանը։

XS
SM
MD
LG