Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատներ»-ն ու «Հայոց համազգային շարժում»-ն այսօր կհանդիպեն նախագահին


«Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի որոշել՝ գնալ նախագահական, թե՝ ոչ։

Սահմանադրական բարեփոխումների շուրջ նախագահի նստավայրում այսօր Սերժ Սարգսյանի հետ քննարկումներ կծավալեն «Ազատ դեմոկրատներ» և «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցությունների ներկայացուցիչները։

«Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի որոշել՝ գնալ նախագահական, թե՝ ոչ։ Կուսակցությունը երեկ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից նախագահի հետ հանդիպման հրավեր է ստացել։

Խորհրդարանական ուժերից միայն Հայ ազգային կոնգրեսն է (ՀԱԿ) մերժել նախագահի առաջարկը: Սերժ Սարգսյանի հետ արդեն հանդիպումներ են ունեցել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) և «Օրինաց երկիր» (ՕԵԿ) կուսակցությունները։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ նախագահին են ներկայացնելու իրենց մտահոգություններն ու առարկությունները մի շարք դրույթների վերաբերյալ։

Կուսակցությունը քննադատում է խորհրդանի ձևավորման երկրորդ փուլի, ինչպես նաև տարածքային ամբողջականության հարցը հանրաքվեով լուծելու վերաբերյալ դրույթները:

«Հիմնական անընդունելի դրույթները մասնավորապես՝ կապված են 89-րդ հոդվածի հետ, այսինքն՝ Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի հետ։ Մյուս հոդվածը կապված է նաև Ազգային ժողովում խմբակցություններ ձևավորելու արգելքի հետ, որը հետագայում նաև բացասական ազդեցություն է ունենալու կառավարությանը և վարչապետին անվստահություն հայտնելու դրույթի վրա», - ասաց Խաչատրյանը։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը երեկ արդեն հայտարարել էր, որ «Սահմանադրության փոփոխությունների այն նախագիծը, որն այսօր դրված է քննարկման, ամենևին չի բխում Հայաստանի քաղաքացիների կյանքի բարելավման և ինքնիշխանության, ժողովրդավարության ապահովման ու զարգացման, իշխանությունների տարանջատման, քաղաքացու իրավունքների պաշտպանության, քաղաքական և տնտեսական ազատ մրցակցության ապահովման սկզբունքների իրացման մեկնակետից»:

XS
SM
MD
LG