Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովի անդամներն ակնկալում են, որ իրենց «նկատառումները հաշվի կառնվեն»


Վենետիկի հանձնաժողովի անդամները մամուլի ասուլիսի ժամանակ, 25-ը օգոստոսի, 2015թ.
Վենետիկի հանձնաժողովի անդամները մամուլի ասուլիսի ժամանակ, 25-ը օգոստոսի, 2015թ.

Վենետիկի հանձնաժողովի ավստրիացի անդամի խոսքով, իրենք ծանոթ են ինչպես հուլիսի 15-ին, այնպես էլ ավելի ուշ հրապարակված տեքստերին։

Վենետիկի հանձնաժողովի անդամները ակնկալում են, որ իրենց առաջարկությունները հաշվի կառնվեն սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակում:

Հեղինակավոր միջազգային հանձնաժողովի անդամներից Քրիստոֆ Գրաբենվարտերը այսօր հայտարարեց, որ համենայնդեպս, հանդիպումների ընթացքում նման հավաստիացումներ են ստացել:

«Մենք քննարկումներ ենք ունեցել, որոնց ժամանակ մենք կոնկրետ առաջարկներ ենք արել և ստացել ենք պատասխան, որ մեր նկատառումները հաշվի կառնվեն: Այն ձևակերպումներից, որ լսել ենք, կարող ենք հստակորեն ենթադրել, որ կլինեն էական փոփոխություններ»,- ասաց նա։

Վենետիկի հանձնաժողովի լատվիացի անդամ Այվարս Էնդզինսն էլ հավելեց, որ իրենց քննարկումների առանցքում եղել է կայուն մեծամասնություն ապահովելու և խորհրդարանական երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Իտալիայի փորձը որպես օրինակ բերող նախագծի հեղինակներին իրենք բացատրել են՝ այդ երկրում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման կայուն փորձ դեռ չկա։ Էնդզինսն ասում է՝ առաջարկել են նախագծից ընդհանրապես հանել այդ դրույթները:

Արդյոք Վենետիկի հանձնաժողովը կարո՞ղ է երաշխավորել, որ ներկայացված սահմանադրական փոփոխություններն ավելի ժողովրդավար կդարձնեն Հայաստանը. Գրաբենվարտերը պատասխանեց.- «Վենետիկի հանձնաժողովը այն մարմինը չէ, որ ողջ գործընթացի համար երաշխիք տա, հանձնաժողովը չի կարող վկայական տալ, որ 2-3 տարի հետո Հայաստանում ժողովրդավարությունն ավելի լավ վիճակում կլինի, քան այսօր է։ Մենք միայն կարող ենք գնահատական տալ ներկայացված տեքստին, արդյոք այն համապատասխանում է եվրոպական չափանիշներին, թե՝ ոչ»:

Հարցին՝ հանձնաժողովը ծանո՞թ է հնչող քննադատությանը, թե Սերժ Սարգսյանը իր իշխանությունը երկարաձգելու համար է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, Գրաբենվարտերը պատասխանեց.- «Եթե որոշ կուսակցություններ սահմանադրական փոփոխությունների հետևում տեսնում են այլ նպատակներ, ապա Վենետիկի հանձնաժողովն այն մարմինը չէ, որ կարող է ասել՝ դա իրականությանը համապատասխանում է,թե՝ ոչ»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Վենետիկի հանձնաժողովը, սահմանադրության նախագծի քննարկումներին մասնակցելով, արդյոք չի՞ լեգիտիմացնում Հայաստանի նահանջը ժողովրդավարության ուղղությամբ, հանձնաժողովի անդամն արձագանքեց.- «Վենետիկի հանձնաժողովը գործիք դարձնելու փորձերն, իհարկե, քաղաքական բանավեճի մի մասն են, բայց դա մերը չէ, և մենք չենք մասնակցի որևէ շահարկման»։

«Ազատության» հետ զրույցում Վենետիկի հանձնաժողովի լատվիացի անդամ Այվարս Էնդզինսն ասաց՝ Վենետիկի հանձնաժողովը ընդհանուր առմամբ դրական է գնահատում սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Նա միաժամանակ հավելեց՝ որոշ դիտողություններ ունեն և այժմ սպասում են սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի արձագանքներին. իրենց հիմնական եզրակացությունը կտան սեպտեմբերի վերջին, իսկ պաշտոնական վերջնական եզրակացությունն էլ կհաստատվի հոկտեմբերին լիագումար նիստի ընթացքում:

Միևնույն ժամանակ Էնդզինսը շեշտում է՝ իրենց կարծիքը զուտ խորհրդատվական բնույթ ունի.- «Մենք պոլիտբյուրո չենք։ Մենք անկախ փորձագետներ ենք և խորհրդատվություն ենք տրամադրում, հասկացեք, որ Վենետիկի հանձնաժողովը հրամայող կառույց չէ»։

XS
SM
MD
LG