Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Վերջին շաբաթների ընթացքում հազարավոր հոդվածներ են հրապարակվել ամբողջ աշխարհում, որոնք մերկացնում են Թուրքիայի ռազմավարական խաբեությունը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի պատրվակով Սիրիայում և Իրաքում ԻՊ-ին խիզախորեն դիմակայող քրդերի դեմ ցեղասպանական ռմբակոծության արշավ ձեռնարկելը:
The Wall Street Journal թերթը օգոստոսի 12-ին տեղեկացրեց, որ ամերիկացի բարձրաստիճան մի զինվորական մեղադրել է Թուրքիային ամերիկյան կառավարությանը խաբելու մեջ՝ Ինջիրլիքի ավիաբազան ԻՊ-ի վրա հարձակվելու համար օգտագործելու՝ նրան տված թույլտվությամբ քողարկելով քուրդ զինյալների (ՔԲԿ) դեմ նախագահ Էրդողանի պատերազմը Հյուսիսային Իրաքում: Մինչ օրս Թուրքիան իրականացրել է 300 օդային հարձակում ՔԲԿ-ի, և միայն երեքը՝ ԻՊ-ի դեմ... Էրդողանի նպատակն է քրդերին պատժելու միջոցով շահել թուրք ընտրողների համակրանքը հաջորդ խորհրդարանական ընտրություններում, ինչը հնարավորություն կտա նրա կուսակցությանը բացարձակ մեծամասնություն ստանալ և ավտորիտար նախագահական կրոնապետություն հաստատել:
Անկարան ամերիկյան հանրությանը խաբելու և մոլորության մեջ գցելու համար քրդերի դեմ իր պատերազմը սկսելուց մի քանի օր հետո վարձեց «Սքվայր Փաթոն Բոգս» ընկերությունը (Squire Patton Boggs) ամսական 32 հազար դոլարով, որպես «Գեփարդ Գրուփ» (Gephardt Group) հզոր լոբբիստական ընկերության ենթակապալառու: «Սքվայր Փաթոն Բոգսի»-ի կազմում են նախկին սենատորներ Թրենդ Լոթը, Ջոն Բրոն և Սպիտակ տան նախկին պաշտոնյա Ռոբերտ Կապլան: «Գեփարդ»-ի թուրքական լոբբիստական խումբը կազմված է հետևյալ ենթակապալառուներից. Գրինբերգ Թրորիգ, Բրայան Ֆոռնի, Լիդիա Բոռլանդ և «Դիքշթայն Շափիրո» ընկերություն, վերջինը իր լոբբիստական աշխատակազմում վերջերս ընդունել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն Փորթեր Գոսին: Թուրքիայի կողմից վարձակալված այլ լոբբիստական ընկերություններն են՝ «Գոլդին Սոլուշընս»-ը (Goldin Solutions), «Ալփայթաք»-ը (Alpaytac), «Ֆին Փարթներս»-ը (Finn Partners), «Ֆերա Օզբեք»-ը (Ferah Ozbek) և «Գոլին/Հարիս Ինթերնեյշնըլ»-ը (Golin/Harris International): Ըստ ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի տեղեկությունների՝ Թուրքիան տարեկան շուրջ 5 միլիոն դոլար է վճարում այս լոբբիստական/PR ընկերություններին: Բացի այդ, շահույթ չհետապնդող մի քանի ամերիկյան կազմակերպություններ որպես ճակատ են ծառայում թուրքական կառավարության համար՝ նպաստելու նրա շահերին Միացյալ Նահանգներում, Կոնգրեսի անդամներին ու լրագրողներին հրավիրելով Թուրքիա ամբողջովին վճարված զբոսախնջույքների համար:
Թուրքիայի համար աշխատող ամերիկյան լոբբիստների թվում ամենավիճահարույցը, թերևս, Փորթեր Գոսն է՝ 2004-2006 թվականներին Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենը, որը համաձայնել է ծախել իր հոգին, գուցե և Միացյալ Նահանգների ազգային գաղտնիքները, մի բուռ թուրքական լիրայի համար:
Հատկանշական է, որ համաձայն «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի, Արդարադատության դեպարտամենտին ներկայացրած զեկույցում Գոսը խուսափել է պատասխանել թուրքական կառավարության կողմից իր վարձատրության վերաբերյալ հարցին: Նա պարզապես գրել է. - «Աշխատավարձը հիմնված չէ միայն օտարերկրյա հաճախորդին [Թուրքիա] մատուցվող ծառայությունների վրա»...
2015 թ. ապրիլի 23-ին ներկայացրած իր զեկույցում Գոսը հետևյալ կերպ է նկարագրում իր ծառայությունները Թուրքիային.
1) Ապահովել խորհրդատվություն թուրք-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման կապակցությամբ մի շարք առանցքային ոլորտներում, որոնք քննարկման առարկա են Կոնգրեսում, ներառյալ՝ առևտուր, էներգետիկ անվտանգություն, հակաահաբեկչական ջանքեր և ջանքեր տարածաշրջանային կայունություն ապահովելու համար Մերձավոր Արևելքում և Եվրոպայում:
2) Իրազեկել Կոնգրեսի անդամներին և ԱՄՆ-ի վարչակազմին Թուրքիայի համար կարևորություն ներկայացնող հարցերի մասին:
3) Տեղեկացնել Թուրքիային Կոնգրեսի կամ գործադիր իշխանության ցանկացած որոշման մասին, որ վերաբերում է Թուրքիայի համար կարևորություն ներկայացնող հարցերին:
4) Պատրաստել իրադարձությունների վերլուծություն՝ Կոնգրեսում և գործադիր իշխանությունում Թուրքիային հուզող հարցերի մասին:
Հատկանշական է, որ Գոսի գործատերը՝ «Դիքշթայն Շափիրո»-ն, խաբել է Արդարադատությանը նախարարությանը՝ նրա ծառայության մեկնարկից երկու օր ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից երեք օր առաջ զեկուցելով, որ ԿՀՎ-ի նախկին տնօրենն իր լոբբիստական ընկերության անունից արդեն հանդիպել է Կոնգրեսի ինը անդամների հետ՝ քննարկելու «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները»:
Ամենայն հավանականությամբ, որպես լոբբիստ Փորթեր Գոսի վարձումը Թուրքիայի համար պարգևատրում էր թուրքական հարցերում նրա հավատարիմ աջակցության դիմաց՝ 1989-2004 թվականներին Ֆլորիդայից հանրապետական կոնգրեսական եղած ժամանակ: 2000 թ. հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ կոնգրեսական Գոսը, այն ժամանակ՝ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, դեմ արտահայտվեց բանաձևի ընդունմանը, որպես արդարացում նշելով, թե այն կարող է վնաս հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Այնուամենայնիվ, ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունվեց 24 կողմ, 11 դեմ ձայներով:
Շատ ամոթալի է, որ Կոնգրեսի նախկին անդամները իրենց վաճառում են ցանկացածին, ով պատրաստ է նրանց փող տալ: Սակայն, ԿՀՎ-ի նախկին տնօրե՞նը... Սա ոչ միայն անբարոյականություն է, այլև լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Ամերիկյան կառավարությունը չպետք է թույլ տա իր բարձրագույն լրտեսի վաճառքը ամենաբարձր գին առաջարկողին... Իսկ եթե հանկարծ Հյուսիսային Կորեա՞ն ավելի բարձր գին առաջարկի նրան: Մի՞թե Գոսը կնետվի լոբբինգ անելու թշնամի պետության օգտին՝ պարզապես մի քանի դոլար ավելի վաստակելու համար:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի