Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը թեև սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ չէ, բայց, ինչպես ինքն ասաց՝ և՛ մամուլից, և՛ ներսից գիտի, որ հանձնաժողովում ոչ բոլորն են կողմ եղել անցմանը կառավարման խորհրդարանական համակարգին։
Թոխյանն անձամբ նման փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում․ - «Մոլի կողմնակիցը չեմ պառլամենտական համակարգի մեր երկրում»:
Նա չի կարծում, թե Վենետիկի հանձնաժողովը քննադատել է Սահմանադրության նախագիծը, բայց համաձայն է փորձագետների դիտարկմանը, թե խորհրդարանում մեկ ուժի կայուն մեծամասնության մասին դրույթը պետք է տեղափոխել Ընտրական օրենսգիրք։
Թոխյանը կողմ է նման դրույթ ունենալուն՝ փաստարկելով․ - «Ողջ աշխարհում պառլամենտական համակարգերում լուրջ կառավարման ճգնաժամեր են առաջանում, երբ մեկ կուսակցություն մեծամասնություն չի ստանում»։
Հարցին, թե ինչու են Հայաստանում որոշել այս խնդիրը լուծել Սահմանադրության մակարդակով, ՍԴ-ի անդամը արձագանքեց․ - «Ուրեմն իրենց համար սկզբունքային հարց է կայունության ապահովումը։ Այստեղ նաև ուրիշ նրբություն կա․ պառլամենտի կայունությունից է կախված նաև կայուն կառավարությունը, կայուն ծրագրերի իրականացումը, և իրենց ինչ-որ երաշխիքներ են պետք: Այստեղ երևի գերերաշխիք է պետք»:
Կառավարման համակարգի փոփոխությունից բացի, նախագծով առաջարկվող մյուս փոխոխությունները սահմանադրագետն անհրաժեշտ է համարում։ Փոփոխությունները, ըստ նրա, հնարավորություն կտան վերացնել մեկ անձի ձեռքում իշխանության գերկենտրոնացումը․ - «Համակարգը գերպերսոնիզացված է: Իշխանության դիֆուզիա է։ Անհրաժեշտությունը առկա էր»:
Հայաստանում նաև տասնյակ փաստաբաններ են ընդդիմանում սահմանադրական փոփոխություններին։
«Բարեփոխումները պաշտպանող փաստարկները չեն դիմանում որևէ քննադատության», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ - «Իշխանության գերկենտրոնացման պատճառը այլ տեղ է, այլ ոչ թե Սահմանադրության տեքստում: Մենք երբեք չեն ունեցել ո՛չ կիսանախագահական, ո՛չ նախագահական, ո՛չ պառլամենտական: Հայաստանը 1820 թվականին, 28 թվականին ոնց որ խանություն կար, այդպես էլ մնացել է: Իշխանությունը այդ ձևով է իրականացվում»:
Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը կարծում է, որ նոր Սահմանադրությունը կապահովի դատական իշխանության անկախությունը։ Տիգրան Աթանեսյանը այս հարցում էլ համամիտ չէ սահմանադրագետի հետ: Աթանեսյանի համոզմամբ՝ քանի դեռ Հայաստանում կայացած չէ ընտրական համակարգը, «իշխանությունների հետ չհամագործակցող մարդու մուտքը լուրջ պետական ատյան բացառված է»․ - «Այս պահին Հայաստանում, ինչ Սահմանադրություն էլ ուզում է լինի, անկախ դատական իշխանություն գոյություն ունենալ չի կարող, քանի որ իրական կառավարման ձևը դա օլիգարխիկ ձևն է․․․ Շահերն այնպիսին են, որ բացառվում է լինի անկախ դատական համակարգ»: