Քաղաքապետարանի պնդմամբ, վերջին տարվա ընթացքում պետական միջոցներով Երևանում 400 բակ է բարեկարգվել, սակայն, թե որտե՞ղ են այդ բակերը, մեզ չհաջողվեց պարզել: Հայտարարած 400-ի փոխարեն քաղաքապետարանը տրամադրեց մոտ 100 բակերի հասցեներ:
Ընդ որում, ընդհանուր առմամբ 1.7 միլիարդ դրամի՝ մոտ 4 միլիոն դոլարի բարեկարգումն իրականացրել են հիմնականում քաղաքապետարանի պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ:
Օրինակ, «Բելլիս» ընկերությունը անցյալ տարի մոտ երկու տասնյակ բակ է նորոգել: Այս ընկերության սեփականատերը մինչև 2012-ը Արա Սադոյանն էր, ով այժմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է: Թաղապետի պաշտոնը ստանալուց 2 շաբաթ անց Սադոյանի ընկերությունը անցնում է Եղիշե Մարգարյանին: Վերջինս, ի դեպ, կրկին առնչություն ունի քաղաքային իշխանությանը․ 2013-ին նա քաղաքապետարանի ներկայացուցիչն էր Կենտրոնի թիվ 7 դպրոցում:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը այստեղ շահերի բախում է տեսնում:
«Շահերի բախում կա, և ես վստահ չեմ, որ դրանց մասին նրանք նախապես հայտարարել են, կամ հանրությունը տեղյակ է եղել, որ այս կամ այն մրցույթին մասնակցող ընկերությունը պատկանում է քաղաքապետարանին կամ Երևանի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների ընտանիքներին, որդիներին», - ասաց Սաֆարյանը:
Մեկ այլ ընկերություն, որը անցյալ տարի 16 շենքերի բակ, այգի, աստիճաններ է բարեկարգել, պատկանում է քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության նախկին պետ, այժմ Շենգավիթի թաղապետի տեղակալ Ֆրունզե Բասենցյանի որդու՝ հանրապետական Լևոն Բասենցյանի կնոջը:
Ընկերությունը գրանցված է կնոջ հայրական տան հասցեում: Ի դեպ, 2013-ին Շենգավիթի թաղապետի տեղակալի որդու ընկերությունը բարեկարգել է բակեր հենց Շենգավիթում, ընդ որում, այդ և քաղաքապետարանի հայտարարած մի քանի այլ մրցույթներում «Աֆալան»-ը եղել է միակ մասնակիցը։
Երբ զանգահարեցինք ընկերության տնօրեն Արթուր Աբրահամյանին, ասաց, որ զբաղված է, սակայն ավելի ուշ նրա հետ խոսել չհաջողվեց:
16 շենքերի բակեր են բարեկարգել Արաբկիրի թաղապետարանին պատկանող «Արաբկիր-Կամար» և մեկ այլ՝ «Ռուբիկ և Իշխան» ընկերությունները միասին: Մեկի հիմնադիրը և մյուսի տնօրենը Ռուբիկ Այվազյանն է: Նրա որդին՝ Արմեն Այվազյանը, ևս խնդիր չի տեսնում, որ 2014-ին հոր ղեկավարած երկու ընկերություններն էլ բակերի բարեկարգման մրցույթներ են շահել:
«Իրար հետ ոչ բարեկամական կապ ունեն էդ ընկերությունները, ոչ ընկերական կապ ունեն: Ամեն մեկը իրենց գներով՝ մոտավոր գիտեն ինչ գներ են, առաջարկում են, ով որ բակը շահում է, շահում է, թե չէ ոչ մի պայմանավորվածություն․․․», - «Ազատության»-ը փոխանցեց Արմեն Այվազյանը:
Այն, որ «Ռուբիկ և Իշխան»-ը, ինչպես նաև բակերի բարեկարգման մրցույթներ շահած «Աֆալան», «Ագարակ», «Բելլիս» ընկերությունները վարել են փոխհամաձայնեցված քաղաքականություն՝ մրցույթները շահելու հարցում, ամիսներ առաջ հաստատեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Քաղաքապետարանի ավագանու ընդդիմադիր անդամի կարծիքով, հենց այս կերպ են պետական միջոցները փոշիացվում:
«Եվ նաև իշխանությունը այնպես է անում, որ հանկարծ որևէ այլ, այսպես ասած, անմեղ կազմակերպություն չկարողանա իրականացնել դա: Եթե անգամ կան այդպիսի կազմակերպություններ, ապա մենք նկատում ենք, որ դրանց տոկոսը չափազանց փոքր է», - ընդգծեց Սաֆարյանը:
Հաջորդը «Սամշինուժ» ընկերությունն է, որն անցյալ տարի Դավիթաշենում 14 շենքերի բակ է բարեկարգել: Մինչև այս տարվա մարտը, ընկերությունը գրանցված էր Եղվարդ քաղաքի Չարենցի 60 հասցեում: Նույն հասցեում գրանցված է նաև բնապահպանության նախկին նախարար, այժմ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանին պատկանող ճանապարհների շինարարությամբ զբաղվող ընկերությունը: Անցյալ տարի «Սամշինուժ»-ը ևս մասնակցել է մի քանի միլիոն դրամ արժողությամբ մրցույթին, որտեղ մրցակից չի ունեցել և առանց խոչընդոտների հաղթել է այն: Ընկերության սեփականատեր Սամվել Մկրտչյանը պնդում է, որ նախկին նախարարի հետ որևէ առնչություն չունի:
«[Նախկին նախարարի հետ ծանոթ եմ այնքան], որքան դուք եք ծանոթ: [Այն, որ իմ ընկերությունը գրանցված էր նույն հասցեում, որում նրա ընկերությունը], դա պատահականություն է: Էդպես է ստացվել, էդպես է գրանցված, հիմի դա կապ ունի՞ ․․․Ինչ-որ իրավաբանական խախտո՞ւմ ենք արել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մկրտչյանը:
Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Երևանի բակերի բարեկարգում կատարել են 16 ընկերություններ, որոնցից 3-ը գրանցված են մարզերում՝ Արագածոտնի, Սյունիքի և Կոտայքի: Փորձելով գտնել Երևանում գրանցվածները՝ հայտնվում էինք կամ հիմնադիրների, կամ նրանց բարեկամների բնակարաններում:
Օրինակ, անցյալ տարի Երևանում ամենաշատը բակեր բարեկարգել է «Բիդեք» ընկերությունը՝ մոտ 30 շենքի բակ: Այն գրանցված էր մի տան հասցեում, որտեղ ընկերության սեփականատեր Գառնիկ Ավետիսյանը արդեն 3 տարի է չի բնակվում:
Իրավաբանի խոսքով՝ օրենքը չի արգելում ընկերությունը գրանցել բնակարանում, բայց եթե այն զբաղվում է շինարարությամբ, առնվազն համապատասխան սարքավորումները պետք է ունենա:
«Իհարկե, ենթադրվում է, որ եթե դա շինարարական ընկերություն է՝ պետք է ունենա համապատասխան տեխնիկա, համապատասխան գործիքներ, միջոցներ իր գործունեությունը իրականացնելու համար, բայց դա արդեն վերահսկողությունից դուրս է: Դա այն է, ինչ, այո, տրամաբանորեն, պետք է ունենա շինարարական ընկերությունը», - ասաց իրավաբան Նարինե Սարգսյանը:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի խոսքով էլ, ամեն ինչ արվել է, որպեսզի այս ընկերությունները դժվար հայտնաբերելի լինեն:
Բացի այն, որ անցյալ տարի Երևանի բակերի բարեկարգման մրցույթները մեծ մասամբ շահել են քաղաքապետարանի պաշտոնյաների հետ առնչություն ունեցող կազմակերպությունները, որոշ դեպքերում դրանք նաև պատշաճ չեն կատարել իրենց պարտավորությունները:
Շրջեցինք Երևանի մի քանի բակերով: Օրինակ, Կենտրոնի թաղապետի նախկին ընկերության բարեկարգած 3 բակերում նկատեցինք, որ կատարվել են ոչ բոլոր աշխատանքները, որոնք նախատեսված էին: Ըստ քաղաքապետարանի հայտարարած մրցույթի, օրինակ, Զավարյան 64 հասցեի բակում, ի թիվս այլ աշխատանքների, պետք է տեղադրվեր 10 նստարան և 6 աղբաման: Այցելելով բակ նկատեցինք, որ աղբամաններ ընդհանրապես չկային, իսկ 10 նստարանի փոխարեն 2 նստարան էր տեղադրված, եզրաքարերը տեղ-տեղ քանդված էին:
Մոսկովյան 8 հասցեում էլ նախագծով պետք է տեղադրված լիներ զրուցատաղավար, սակայն այն չկար: 6 նստարանի փոխարեն 5 նստարան էր տեղադրված, 5 աղբամանի փոխարեն՝ 3-ը:
Վարդանանց 7 շենքի բակում 5 նստարանի փոխարեն 4-ն էր տեղադրված, 4 աղբամանների փոխարեն՝ ընդամենը 1-ը, իսկ նախատեսված 5-տեղանոց կարուսելը և մետաղական ծածկը կրկին բացակայում էին:
Փորձագետների խոսքով, նման պայմաններում վստահել, որ բետոնե հիմքը Բ15 դասի բետոնով է արված, կամ հայտարարված լայնությամբ և հաստությամբ են կառուցված մետաղյա կոնստրուկցիաները, կամ եզրաքարերը և պատշաճ են կատարվածբարեկարգման ցանկով նախատեսված բազմաթիվ մյուս աշխատանքները, դժվար է:
«Սա ցույց է տալիս մի բան, որ մենք գործ ունենք ոչ թե ինչ-որ մեկանգամյա երևույթի հետ, այլ սա համակարգ է, գործող համակարգ է, որի միջոցով ուղղակի, եթե չասեմ փոշիացվում են, ապա յուրացվում են կամ կոնկրետ գրպաններ են գնում պետական բյուջեից կատարված հատկացումները», - շեշտեց քաղաքապետարանի ավագանու ընդդիմադիր անդամը:
Ի դեպ, քաղաքապետարանը անպատասխան թողեց 2012-ին և 2013-ին բարեկարգված բակերի հասցեները և այդ բակերը բարեկարգած ընկերությունների ցուցակը տրամադրելու մասին մեր հարցումը: Վերջին 3 տարիներին բակերի բարեկարգման վրա պետական բյուջեից ծախսվել է մոտ 4 միլիարդ 130 միլիոն դրամ՝ գրեթե 10 միլիոն դոլար: