Մատչելիության հղումներ

Հրապարակվեց Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը


Հրապարակվեց Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը այսօր երեկոյան հրապարակեց իր հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագծի ևս ութ գլուխներ:

Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը հուլիսի 15-ին հանրային քննարկման էր հանձնել փաստաթղթի առաջին յոթ գլուխները՝ ներկայացնելով կառավարման համակարգում առաջարկվող առանցքային փոփոխությունները:

Փաստաթղթում, ըստ էության, անդրադարձ չկա Վենետիկի հանձնաժողովի քննադատությանը: Մասնավորապես, չի փոփոխվել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի միջոցով պարտադիր մեծամասնություն ձևավորելու մասին դրույթը: Փոխարենը՝ մասնագիտական հանձնաժողովը հրաժարվել է մարդուն կյանքից զրկելը որոշ դեպքերում սահմանադրականացնող դրույթից, որը դժգոհության ալիք էր բարձրացրել իրավապաշտպանների շրջանում:

Այսօր հրապարակված բաժինները վերաբերում են Դատախազությանն ու քննչական մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Վերահսկիչ պալատին և այլն:

Ներկայացված փաստաթղթով ամբողջությամբ փոխվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգը. առաջարկվում է, որ հանձնաժողովի բոլոր յոթ անդամներին՝ այդ թվում նախագահին, ընտրի Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ։ Մինչդեռ այժմ յոթ անդամներին էլ նշանակում է նախագահը՝ երեքին Մարդու իրավունքների պաշտպանի, երկուսին՝ Վճռաբեկ դատարանի նախագահի, մյուս երկուսին էլ Փաստաբանների պալատի նախագահի առաջարկով: Այսօր հրապարակված նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը ևս վերապահված է խորհրդարանին:

Գլխավոր դատախազին, ըստ սահմանադրության նախագծի, նշանակում և պաշտոնանկ է անում խորհրդարանը՝ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ։ Գործող Սահմանադրությամբ նախագահն է խորհրդարանին առաջարկում դատախազի թեկնածու, ինչպես նաև բարձրացնում նրա պաշտոնանկության հարցը: Ընդ որում, հիմա դրա համար պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն է անհրաժեշտ:

Համայնքները միավորելու համար վերացված է տեղական հանրաքվեներ անցկացնելու մասին գործող դրույթը, առաջարկվող փաստաթղթով շեշտվում է միայն, որ այդպիսի օրենք ընդունելու դեպքում խորհրդարանը պարտավոր է լսել միավորվող համայնքների կարծիքը: Նոր սահմանադրության հեղինակները, սակայն, չեն մանրամասնում, թե ինչպես:

Ի տարբերություն գործող Սահմանադրության, Վերահսկիչ պալատի նախագահն ու մյուս վեց անդամները ընտրվելու են խորհրդարանի կողմից վեց տարի ժամկետով: Այժմ պալատի նախագահը հանրապետության նախագահի առաջարկությամբ է նշանակվում Ազգային ժողովի կողմից: Ճիշտ նույն փոփոխությունն է առաջարկվում նաև Կենտրոնական բանկի նախագահի ընտրության դեպքում:

Նոր նախագծով նախագահը զրկվում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին նշանակելու իրավասությունից: Առաջարկվում է, որ հանձնաժողովի բոլոր յոթ անդամներին ընտրի խորհրդարանը, մինչդեռ այժմ ութ անդամների կեսին նշանակում է նախագահը:

Գործող Սահմանադրությամբ սահմանադրական փոփոխություններ կարող են նախաձեռնել նախագահը կամ խորհրդարանը: Այժմ այդ իրավունքը վերապահվելու է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդին, կառավարությանը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացու: Խորհրդարանը, սակայն, պետք է հաստատի նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը:

Մասնագիտական հանձնաժողովը հայտարարել է, որ առաջիկա օրերին հրապարակելու է նաև նախագծի անցումային դրույթները, այսպիսով ներկայացնելով առաջարկվող սահմանադրության ամբողջական տարբերակը:

XS
SM
MD
LG