Մատչելիության հղումներ

Անուշ Սեդրակյան․ «Մենք այժմ գտնվում ենք սահմանադրական մշուշի մեջ»


Քաղաքագետն ընդգծում է, որ սահմանադրական փոփոխությունների քննարկումները շեղվում են ամենակարևոր՝ մարդու անօտարելի իրավունքների հարցից:

Քաղաքակիրթ և անքաղաքակիրթ երկրները տարբերվում են նրանով, թե ինչպես են դրանցում պաշտպանված մարդու իրավունքները և առաջին հերթին անօտարելի իրավունքները: Մինչդեռ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ իր դիտարկումներում Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը բացահայտ նշել է, որ դրա բոլոր այն դրույթները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին և դրանց պաշտպանության մեխանիզմներին, շարադրված են ոչ հստակ: Այդ մասին ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման օգոստոսի 2-ի թողարկման ժամանակ:

«Սահմանադրական բարեփոխումների ակտիվ քննարկումները, որոնք ընթանում են այժմ հայկական մամուլում և այսպես կոչված հարակից շրջանակներում, ճիշտն ասած, հեռացնում են մեզ այդ սահմանադրական բարեփոխումների կամ, ավելի ճիշտ, չբարեփոխումների հանդեպ Վենետիկի հանձնաժողովի արված դիտարկումների ամենակարևոր մասից», - ասաց Սեդրակյանը՝ շարունակելով․ - «Մինչդեռ Վենետիկի հանձնաժողովը իր 11-րդ կետում ուղղումների մեջ բացահայտ նշել է, որ այդ սահմանադրական բարեփոխումների բոլոր այն դրույթները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների շարադրանքին և դրանց պաշտպանության մեխանիզմների շարադրանքին, շարադրված են ոչ հստակ, հնարավորություն են տալիս մեկնաբանությունների առատությանը և բազմիմաստությանը»:

«22-րդ կետում այդ ուղղումների՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի, շարունակվում է այդ նախադեպը, խոսում են այն մասին, որ մարդու անօտարելի իրավունքները՝ fundamental freedoms, որոնք պետք է պաշտպանված լինեն բոլոր պարագաներում, սկսում են սահմանափակվել մեր սահմանադրական բարեփոխումների որոշ դրույթներով, և չի իրականացվում այն, ինչ անվանվում է direct constitutional right (ուղղակի սահմանադրական իրավունք), այսինքն՝ Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքը առավել է, քան ցանկացած օրենսդրական բարեփոխում և ցանկացած օրենսդրական բարելավում կամ փոփոխություն», - շարունակեց քաղաքագետը:

«Հասկանում ե՞ք ինչ է կատարվում․ մենք հիմա ակտիվ քննարկում ենք, թե որ հանրապետական, ԲՀԿ-ական, չգիտեմ ինչ մեծամասնություն պիտի մտնի պառլամենտ, և չգիտես ինչի մեր քաղաքական հանրությանը հետաքրքրում է նախ և առաջ այդ խնդիրը, երբ որ հստակ մտահոգություն կա, որ օրենսդրականորեն մարդու անօտարելի իրավունքները և այսպես կոչված սոցիալական պետություն ստեղծելու միտման ճանապարհին այդ իրավունքները սահմանափակելու միտված օրենքները ամրագրված են մեր Սահմանադրության մեջ և ենթական չեն կիրարկման, մինչև որ դրանք չփոփոխվեն», - ընդգծեց Անուշ Սեդրակյանը:

«Տեսնո՞ւմ եք՝ մենք այժմ գտնվում ենք մի տեսակ սահմանադրական մշուշի մեջ, և ես զարմանում եմ, որ մեր քաղաքական-մամուլային հանրությունը այժմ կենտրոնացել է էլեկտորալ համակարգի վրա, որովհետև հասկանում եմ, որ Հայաստանում երևի ամենահուզիչ հարցը իշխանության փոխանցման հարցն է, երբ որ մարդիկ մոռանում են, որ իշխանություն փոխանցելը իրավունքների ճնշման, փոփոխության, ինչ-որ առումով սխալ մեկնաբանության, հասկացությունների նենգափոխման պարագայում որևէ նշանակություն չունի», - նշեց քաղաքագետը:

«Այսինքն՝ ինչո՞վ ենք մենք շահագրգռված՝ որ իշխանությունը փոխանցվի մեր ուզածո՞վ, թե՞ որ իշխանությունը փոխանցվի ժողովրդավարության իրավունքների պահպանմամբ», - ասաց Անուշ Սեդրակյանը:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման հուլիսի 26-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

XS
SM
MD
LG